
«Մրցակցային անբարենպաստ մթնոլորտ. Հանրայինը կրկին վճարովի գովա՞զդ կցուցադի». Կարեն Քոչարյան

Եթե Հանրային հեռուստաընկերությանը կրկին հնարավորություն տրվի վճարովի գովազդ ցուցադրելու, և միաժամանակ այն պետական բյուջեից ստանա ֆինանսավորում, մրցակցային անբարենպաստ մթնոլորտ կստեղծվի մյուս՝ մասնավոր հեռուստաընկերությունների համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարության՝ օրերս շրջանառության մեջ դրված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագծին, որով, ի թիվս այլոց, նախատեսվում է հնարավորություն տալ Հանրային հեռուստաընկերությանը՝ վճարովի գովազդ ցուցադրել:
«Երբ տարիներ առաջ հանեցին Հանրային հեռուստաընկերության՝ վճարովի գովազդ ցուցադրելու հնարավորությունը, ավելացավ բյուջեից ֆինանսավորումը՝ դառնալով շուրջ 6 միլիարդ դրամ: Այժմ, երբ ցանկանում են գովազդ ցուցադրելու հնարավորությունը վերադարձնել, ֆինանսավորումը նվազեցնո՞ւմ են, թե՞ ոչ: Եթե ֆինանսավորումը չի հանվել, գովազդը վերադարձնելու իմաստ պարզապես չկա»,-ասաց Քոչարյանը:
Նա նշեց, որ երբ տարիներ առաջ Հանրայինից հանվում էր գովազդը, հիմնավորումներից մեկը ներկայացնում էին այն, թե Հանրային հեռուստաընկերությունը ստիպված է լինում «ընկնել» գովազդատուների հետևից, որպեսզի կարողանա իր ծախսերը հոգալ, իսկ Հանրայինը նման խնդիրներ չպետք է ունենա:
Քոչարյանի խոսքով՝ մրցակցային խնդիրներ չէին առաջանա, եթե բյուջեից Հանրայինի ֆինանսավորումը կրճատվեր. այդ դեպքում յուրաքանչյուր հեռուստաընկերության խնդիրը կլիներ որակյալ ու ռեյտինգային հեռուստահաղորդում ստեղծելը, որպեսզի այն գրավեր գովազդատուին:
«Գովազդի արդյունավետությունը կախված է տվյալ պահին այս կամ այն հեռուստաընկերության վարկանիշային հաղորդումներից. եթե այդ պահին Հանրային հեռուստաընկերությունը վարկանիշային հաղորդումներ իրականացնի, այնտեղ գովազդ տեղադրելը, բնականաբար, կլինի արդյունավետ: Բայց եթե Հանրայինին բյուջեից շարունակվի տրամադրվել նույնքան ֆինանսավորում, որքան տրամադրվում էր գովազդ չցուցադրելու պարագայում, և դրա հետ մեկտեղ կարողանա նաև գովազդներ ցուցադրել, այդ դեպքում Հանրայինը կունենա հնարավորություն ի սկզբանե մեծ բյուջեով պատրաստել ռեյտինգային հաղորդումներ, և հավելյալ գումար էլ ստանալ գովազդից»,-ամփոփեց Կարեն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ նախագծի վերաբերյալ իրենց մտահոգություններն են հայտնել նաև մի շարք լրագրողական կազմակերպություններ, որոնց կարծիքով՝ այս նախաձեռնությունը ոչնչով չարդարացված քայլ է: