Նրանցից ձերբազատվելու խնդիր չենք դնում, այլ դնում ենք պատվավոր հեռանալու ինստիտուտ. Բադասյան

ԱԺ  պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր սկսվել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը, որով ՍԴ դատավորներին հնարավորություն է տրվում վաղաժամ կենսաթոշակի անցնել՝ պահպանելով սոցիալական երաշխիքները:

 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է.

 

««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է 85-րդ հոդվածը լրացնել նոր մասերով. էությունն այն է, որ Սահմանադրական դատարանի անդամ նշանակված և մինչ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ՍԴ դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած ՍԴ դատավորի կողմից մինչև 20 թ-ի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարեցնելուց հետո մինչև իր համար սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման տարիքը լրանալը ստանում է կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի չափով: Սա ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու հերթական նախաձեռնությունն է կառավարության կողմից: Մեր առաջարկած կարգավորումները Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել, ստացվել է իրավական գնահատական։ Ուղարկվել է Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաթեթի շրջանակում. որից հետո մենք որոշել ենք, որ վաղ կենսաթոշակի հատվածը պետք է առանձին օրենսդրական նախաձեռնությամբ բերենք ԱԺ: Միջազգային փորձը կրկին ուսումնասիրվել է»,-ներկայացրել է նախարարը:

 

Նա հավելել է, որ ՍԴ մասին գործող սահմանադրական օրենքով արդեն նախատեսված է վաղ կենսաթոշակի մեխանիզմ, անդրադարձել է նաև միջազգային փորձին՝ մեջբերելով հատկապես Ռուսաստանի և Վրաստանի մոտեցումները: Հավելել է.

«Դուք տեսաք, որ Ռուսաստանի Դաշնությունում կա «պատվավոր հեռանալ» տերմինը, որը մենք էլ ենք դնում՝ հանրության ցածր վստահության մակարդակը դատական համակարգի նկատմամբ լուծելու համար, անձանց վիրավորելու կամ ձերբազատվելու խնդիր չենք դնում, այլ պատվավոր հեռանալու ինստիտուտն ենք դնում»:

 

 

Քաղաքականություն