Պարո´ն Պետրոսյան, ինչո՞ւ եք վեճ հրահրում. վեճ խորհրդարանում

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր բուռն քննարկում է ծավալվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած՝ ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծի շուրջ: Այն միտված է բանակում ինքնասպանությունների դեպքերը կանխելուն, պատգամավորներն առաջարկում են խստացնել պատիժն այն անձանց նկատմամբ, որոնց արարքները զինվորներին կարող են դրդել ինքնասպանության:

 

Բովանդակային քննարկում է տեղի ունեցել մինչ այն պահը, երբ ելույթ է ունեցել Գևորգ Պետրոսյանը: Նա մի քանի դիտարկումներ է արել, մասնավորապես նշել.

 

«Ես համաձայն չեմ կարծիքի հետ, որ վայրը էստեղ կարևոր չէ, հենց վայրն է կարևոր, որ մարդը ազատ գործելու հնարավորություն չունի, որ գնա մորքուրի տղուն ասի՝ ինձ նեղում են, արի թասիբիս կանգնի: Բացի դրանից, մեկն, ասենք, իր կողքինին կատակ անի, վերցնի հեռախոսը գրի.

Արի մեկ անգամ գեթ դու ինձ լսիր,

Անիմաստ կյանքիդ վերջ տուր, հեռացիր:

Մի հինգ անգամ տենց նամակ գնի, սա էլ որոշի, որ իրոք ճիշտ է ասում»,- մեջբերումներ է արել նա:

Պատգամավորին ընդհատել է հանձնաժողովի նախագահը՝ ասելով.

 

«Ես հասկանում եմ, որ հարցը վերաբերում է լավ օրենսդրություն ունենալուն, բայց հաշվի առեք, որ հարցը վերաբերում է այն անձանց, որոնց զավակները նման դեպքերի զոհ են գնացել»:

 

Գևորգ Պետրոսյանը շարունակել է նույն տոնայնությամբ՝ ասելով.

 

«Եթե նաև կա էն մտավախությունը, որ եթե դրսից են մարդ բերել, կարանք «զինծառայողի կողմից» բառը հանենք: Այսինքն՝ հիմա էս մի ձևակերպման պատճառով վիժեցնե՞նք նախագիծը»:

Պատգամավորի բարձրացրած հարցը զարմացրել է հանձնաժողովականներին, քանի որ նման մտադրություն նրանք չունեին, հետևաբար հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն արձագանքել է.

 

«Դուք պաշտպանում եք նախագիծն այն անձանցից, ովքեր պաշտպանում են»:

Գևորգ Պետրոսյանը, շարունակելով ելույթը, անդրադարձել է այլ խնդիրների.

 

«Այսօր մարդն իր երեխային բանակ է ճանապարհում, ավելի շատ մտածում են ներքին ճնշումների մասին, քան թշնամու գնդակից զոհվելու մասին, ներսում ինչքանով ուզում ես պաշտպանվիր, եթե էնտեղ կան ինքնախաբեության հետ գրկախառնված սուտի գողականներ, ովքեր մոռացել են, որ զինվորական աստիճանի տակ են, մարդկանց ճնշում են, նրանց հետ հարաբերություններ կարգավորելն ավելի հեշտ է, քան թշնամու հետ»,- ասել է նա:

Նրա ելույթին հաջորդել է Նիկոլայ Բաղդասարյանի խոսքը, որը հակադարձել է Պետրոսյանին.

 

«Պարո´ն Պետրոսյան, ես միշտ մտածում եմ, թե ինչու եք դուք վեճ հրահրում, բոլորն ինչ-որ առաջարկություն են արել, ձեր գործընկերը ընդունել է, դուք, տեսեք` ինչ նախադասություն եք օգտագործում՝ այստեղ մարդիկ իրենց ֆանտազիա՜ն են օգտագործում»:

Պետրոսյանը հակադարձել է, թե իր ասածի մեջ որևէ վատ բան չկա, նա միջամտել ու բանավեճի է բռնվել նաև հաջորդ ելույթ ունեցողի հետ, և երբ հանձնաժողովի նախագահը ընդհատել է, թե բանավեճի ընթացակարգ չկա, պատասխանել է.

 

«Ոչինչ, խորհրդարան է, հո մնջախաղի թատրո՞ն չէ»:

Քաղաքականություն

Պատահարներ