Քաղաքականություն

Չեմ ուզում քննարկել նման սցենար. ՊՆ փոխնախարարը՝ արագացված զինվորական ծառայության նախագծի մասին

WRed 218 դիտում
Չեմ ուզում քննարկել նման սցենար. ՊՆ փոխնախարարը՝ արագացված զինվորական ծառայության նախագծի մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած օրինագիծը մեծ իրարանցում է առաջացրել հանրության շրջանում: Օրինագիծն արագացված զինվորական ծառայության մասին է, ըստ որի՝ քաղաքացին, եթե խուսափել է զինվորական ծառայությունից և գտնվում է արտերկրում, կարող է վերադառնալ հայրենիք մինչև 27 տարեկանը, վճարել 10 մլն դրամ և արագացված կերպով՝ 1 ամսում, սովորել որոշ բանակային հմտություններ:

 

Սարգսյանի պնդմամբ՝ սա արտագաղթի դեմ պայքարի միջոց է, նաև խթան՝ հզորացնելու Հայոց բանակը:

Այսօր ճեպազրույցի շրջանակներում Հայկ Սարգսյանը նշեց, որ նախագիծն առայժմ խմբակցությունում չի քննարկվել, սակայն եղել են պատգամավորներ, ովքեր մոտեցել են նրան և ողջունել օրինագիծը:

 

«Իմ քայլը» խմբակցության պետական-իրավական հանձնաժողովի պատգամավոր Արթուր Դավթյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ նախագիծն ունի և՛ լավ, և՛ վատ կողմեր:

 

Պատգամավորի կարծիքով՝ առաջնայինը Պաշտպանության նախարարության եզրակացությունն ու դիրքորոշումն է, բայց, ըստ նրա, լավ կողմերից մեկն այն է, որ այս նախագծի շնորհիվ շատերը գուցե չլքեն Հայաստանը: Մյուս դրական կողմը, որ կունենանք վարձատրվող զինծառայողներ, ինչի հաշվին էլ գուցե շատ տղամարդիկ կգան «խոպանից» ու կլինեն իրենց ընտանիքների կողքին: Մյուս լավ կողմը, ըստ Դավթյանի, այն է, որ տղաներն այս նախագծի արդյունքում գոնե որոշ չափով տեղյակ կլինեն բանակից և կունենան զինգրքույկ:

 

Վատ կողմերից Դավթյանն առանձնացրեց գումարի քիչ լինելը: Ըստ Դավթյանի՝ 10 մլն դրամը քիչ է, պետք է լինի առնվազն 20 մլն դրամ, քանի որ գումարի քչության պատճառով «առիթից օգտվողները» շատ կլինեն, վճարովի զինծառայող ունենալու համար էլ սա շատ քիչ է:

Հարցին, թե արդյոք այստեղ չկան կոռուպցիոն ռիսկեր, Դավթյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ սա ամբողջությամբ պետական վճար է լինելու:

 

Ինչ վերաբերում է նախագծին կողմ կամ դեմ քվեարկելուն, Դավթյանը նշեց, որ գումարի շեմը պետք է բարձրանա, և եթե վճարը կազմի գոնե 20 մլն դրամ, ապա նա, ամենայն հավանականությամբ, կողմ կքվեարկի նախագծին:

ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց, որ այս նախագծի շուրջ ՊՆ-ում կա բացասական դիրքորոշում:

 

Բացի այն, որ այս նախագիծը չպետք է ընդունվի, փոխնախարարի պնդմամբ՝ ներկայիս գործող օրենքը նույնպես չպետք է երկարացվի: Ըստ այժմյան գործող օրենքի՝ քաղաքացին կարող է խուսափել զինվորական ծառայությունից, վերադառնալ Հայաստան 27 տարեկանը լրանալուց հետո, վճարել 3.6 մլն դրամ և ազատվել քրեական պատասխանատվությունից:

 

«Զինվորական ծառայության հիմքը Սահմանադրությունն է, որտեղ գրված է, որ ցանկացած քաղաքացի պարտավոր է մասնակցել ՀՀ սահմանների պաշտպանությանը»,- ասաց Բալայանը՝ հավելելով, որ զինծառայության չանցնելու հիմքերը ևս օրենքով սահմանված են:

Անդրադառնալով մեկամսյա զինվորական ծառայությանը՝ փոխնախարարը նշեց, որ առնվազն 5 ամիս է տևում ուսումնական փուլը, և նրանք չեն կարող դիտարկել այդ փուլի կրճատ տարբերակը: Ամեն դեպքում, ինչպես նշեց Բալայանը, սա նրա կարծիքն է, և գուցե կա միջազգային փորձ, որի վրա հիմնվել է պատգամավոր Հայկ Սարգսյանը օրինագիծը գրելիս:

 

Հարցին, թե արդյոք բանակը պատրաստ է նման փոփոխության, եթե օրենքն ընդունվի, պաշտպանության փոխնախարարն ասաց, որ չի ուզում քննարկել նման սցենար, բայց, այնուամենայնիվ, ՊՆ-ն իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ, և կրում են այն պարտականությունները, որոնք օրենքով սահմանված են:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250