Գործազուրկների շուրջ 74%-ը կանայք են. Զարուհի Բաթոյան
«Գործ չկա» արտահայտությունն այսօր այնքան էլ արդիական չէր. «Երեւան Էքսպո» կենտրոնում 1000-ից ավելի թափուր աշխատատեղ էր ներկայացվում:
Մայրաքաղաքում կազմակերպվել էր աշխատանքի տոնավաճառ, որի գլխավոր նպատակը գործատուի եւ աշխատանք փնտրողի անմիջական հաղորդակցությունն էր: Այդպես գործազուրկները կայուն զբաղվածություն ունենալու հնարավորություն կստանան, իսկ գործատուն կարող է համալրել իր մոտ առկա թափուր աշխատատեղերը:
Նախաձեռնության հեղինակը ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունն էր: Ծրագիրը Երեւանում իրականացվում է զբաղվածության ամենամյա պետական ծրագրով:
Երիտասարդները, միջին տարիքի անձինք եւ մեծահասակներն այսօր հնարավորություն ունեցան տեղում ուսումնասիրելու եւ իրենց համար գտնելու հարմար աշխատանք:
Տոնավաճառին մասնակցեցին տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 70 գործատու, որոնք ներկայացրին իրենց կազմակերպություններում առկա թափուր աշխատատեղերը: Մասնակիցները տեղում ծանոթանում էին առաջարկություններին, անհրաժեշտ պահանջներին, հետաքրքրելու դեպքում՝ գրանցվում, թողնում իրենց ինքնակենսագրականները, որպեսզի գործատուն հետագայում կարողանա կապ հաստատել: Որոշ կազմակերպությունների ներկայացուցիչներ տեղում կարողացան անցկացնել հարցազրույցներ, որպեսզի համալրեն իրենց շարքերը:
«Մենք դեռեւս շատ անելիքներ ունենք՝ աշխատանքի հնարավորությունների, պայմանների եւ ընդհանրապես աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ, բայց դա պետք է անենք փոքր քայլերով»,- նշեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ողջունելով տոնավաճառի մասնակիցներին՝ աշխատանք փնտրողներին եւ առաջարկողներին: Նախարարը հերթով մոտեցավ մի շարք տաղավարների ու ծանոթացավ կազմակերպությունների առաջարկած աշխատանքներին: Նա իր խոսքում նշեց, որ դեռեւս մի քանի տաղավարի է մոտեցել եւ հասցրել ծանոթանալ, սակայն ինչ էլ տեսել է, բավականին տպավորիչ է:

«Որեւէ մեկի համար նորություն չէ, որ զբաղվածությունը, աշխատանքի հնարավորությունն այսօր լուրջ խնդիր է Հայաստանում, բայց նաեւ որեւէ մեկի համար նորություն չէ, որ աշխատանքն է միակ միջոցը՝ արժանապատիվ կյանքով ապրելու, զարգանալու, ինքնադրսեւորվելու եւ նոր հնարավորություններ ստեղծելու»,-միջոցառման ընթացքում նշեց Զարուհի Բաթոյանը՝ հավելելով, որ այսօր ցանկանում է խրախուսել հատկապես երիտասարդներին, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց եւ միջին տարիքի մարդկանց:
«Եթե դուք հավատում եք ձեր ուժերին, եթե վստահ եք ձեր գիտելիքների ու հմտությունների վրա, ապա դժվարությունները շատ ավելի հեշտ կլինի հաղթահարել»,- շեշտեց Բաթոյանը՝ ավելացնելով, որ իրենց նախարարությունը միշտ մարդկանց կողքին է եւ անում է ամեն բան՝ աշխատանքի ընդունվելու հնարավորությունները մեծացնելու համար, սակայն իրենց մարդկանց աջակցությունն է պետք:
Նախարարը, սակայն, իր մտահոգությունը հայտնեց. աշխատանք չունեցող կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 73.3%-ը, կամ 5.9 հազ. մարդ: Նրա խոսքով՝ պետք է աշխատել այս ուղղությամբ: