«Ճվճվ Արոյի» ավագ որդին արդարացվել է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Գագիկ Պողոսյանի, նոյեմբերի 26-ին «Ճվճվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի որդու՝ Սերժ Վարդանյանի գործով դատական նիստին հրապարակեց նրա դատավճիռը, Սերժ Վարդանյանն արդարացվեց։

 

NEWS.am-ի հետ զրույցում Սերժ Վարդանյանի պաշտպան Մանվել Գրիգորյանն ասել է, որ  իրենց համար սպասելի էր այդպիսի վճիռը, քանի որ դատաքննության ընթացքում որեւէ հիմնավոր փաստարկներ չկային, որպեսզի այն որակվեր խուլիգանություն։

 

«Ինքս միջնորդել էի վիճաբանությունների փուլում, որ արդարացվեր։ Նրանք օբյեկտիվորեն ոչինչ չէին կատարել , ինչ-որ արարք չէին կատարել, որ որակվեր խուլիգանություն։ Դատարանը բազմակողման քննություն արեց, հնարավոր բոլոր փաստարկները ստուգեց, քրեական գործով բոլոր դրվագները, անգամ լրացուցիչ փորձաքննություն նշանակեց։ Քննության արդյունքում բոլորն էլ համոզվեցին, որ այդ երեխեքի կողմից ոչինչ չի կատարվել»,- ասել է պաշտպանը։

 

Համաձայն մեղադրական եզրակացության ՝  Սերժ Վարդանյանը 2017թ․ սեպտեմբերի 12-ին Երեւան քաղաքի Հր․ Քոչար փողոցում կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում Կարեն Գասպարյանի պարանոցից քաշել-պոկելու եղանակով հափշտակել էր զգալի չափերի՝ 148,000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթան։

 

Բացի այդ Սերժ Վարդանյանն իր երկու ընկերների հետ 2017թ. նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրի առանձնասենյակներից մեկում կոպիտ կերպով խախտել էին հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել այդ պահին ռեստորանում գտնվող հաճախորդների եւ աշխատակիցների նկատմամբ, հայհոյել, վիճաբանել իրենց  դիտողություն արած մատուցողի հետ, ապա՝ բռնություն գործադրել նրա նկատմամբ։

 

Նշենք, որ ներկայումս կալանքի տակ է նաեւ Սերժ Վարդանյանի ավագ եղբայրը՝ Սարգիս Վարդանյանը: Նա մեղադրվում է ճանապարհային երթեեւեկության կանոնները խախտելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելու մեջ: Նրա մասնակցությամբ վթարը տեղի էր ունեցել 2018-ի հունվարի 8-ին: Վթարի հետեւանքով զոհվել են ծառայության մեջ գտնվող երկու` ՃՈ աշխատակիցներ: Այս գործն էլ է ներկայումս քննվում դատարանում։