Սպիտակ տունը խնդրել է արգելափակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Ամերիկյան մամուլը նոր մանրամասներ է հաղորդում կուլիսային բանակցություններից, որոնց արդյունքում շաբաթներ առաջ Լինդսի Գրահամը Սենատում արգելափակել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, գրում է «Ազատություն»-ը:

«Հորդորը եկել էր Սպիտակ տնից: Շատերն էին վրդովվել ու տարակուսել, երբ Թուրքիայի նախագահի հետ Սպիտակ տանը թեժ վիճաբանելուց հետո հանրապետական սենատորն անմիջապես շտապել էր Սենատ և արել մի բան, որն ամենայն հավանականությամբ ուրախացնելու էր Էրդողանին. Լինդսի Գրահամը տեղում արգելափակել էր բանաձևը, որով Սենատը պաշտոնապես ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը»,- գրում է Axios պարբերականը:

Ընդ որում, մինչ այդ, մասնակցելով Թրամփի և Էրդողանի՝ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը, Գրահամը կոշտ հանդիմանել էր Թուրքիայի առաջնորդին Սիրիա ներխուժելու և քրդերի վրա հարձակվելու համար: Ականատեսները լրատվամիջոցներին պատմել էին՝ երբ իրեն արդարացնելու համար Էրդողանը հանել է iPad-ն ու հակաքրդական, ակնհայտ քարոզչական տեսանյութ ցուցադրել՝ Քրդական դեմոկրատական ուժերի առաջնորդին ներկայացնելով որպես ահաբեկիչ, Գրահամը հակադարձել է՝ ասելով․ – «Ուզո՞ւմ ես ես էլ ասեմ քրդերին՝ մի տեսանյութ էլ պատրաստեն, թե դո՛ւ ինչ ես արել նրանց հետ»:

«Միայն թե դրանից հետո, երբ սենատորը պատրաստվել է լքել Օվալաձև աշխատասենյակը, նրան է մոտեցել Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ու խնդրել, որ նա Սենատ վերադառնա և արգելափակի Էրդողանին կատաղեցնող՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը», – գրել է Axios-ը:

 

Գրահամը հաստատել է այս տեղեկությունը․

«Հանդիպումից հետո մենք իրար գլխի հավաքվեցինք ու սկսեցինք քննարկել տեղի ունեցածը: Ինձ մոտեցավ Սպիտակ տան օրենսդրական հարցերով պաշտոնյան, ասաց, որ Նյու Ջերսիից ընտրված սենատոր Բոբ Մենենդեսը պատրաստվում է քվեարկության դնել Հայոց ցեղասպանության բանաձևն ու խնդրեց՝ «չէի՞ք արգելափակի»: Ես ասացի՝ անշուշտ»: Ընդ որում, հանրապետական սենատորը պնդել է, թե վարչակազմի այդ խնդրանքին ընդառաջել է զուտ այն պատճառով, որ Թուրքիայի նախագահն այդ ժամանակ դեռ եղել է Վաշինգտոնում: «Ժամանակը նպատակահարմար չէր, ես փորձում եմ հնարավորության դեպքում փրկել թուրք-ամերիկյան հարաբերությունները»,- ասել է նա:

Սենատում, մինչդեռ, Գրահամը բոլորովին այլ պատճառաբանություն էր ներկայացրել:

«Կարծում եմ՝ մենք ոչ թե պետք է գունազարդենք պատմությունը կամ փորձենք այն վերաշարադրել, այլ՝ զբաղվենք ներկայի խնդիրներով: Հաշվի առնելով Սիրիայում ստեղծված իրավիճակը, և որոշակի հույսը, որ մենք միգուցե կարող ենք լուծումներ գտնել, ես արգելափակում եմ այս բանաձևը, ոչ թե անցյալի պատճառով, այլ՝ հանուն ապագայի»,- հայտարարել էր սենատորը:

Axios-ի թղթակիցը հետաքրքրվել է՝ «անհարմար չզգացի՞ք այդ քայլն անելիս»:

«Անհարմար էր»,- ընդունել է Գրահամն ու խոստացել՝ նման բան այլևս չի լինի:

«Մենենդեսն ինձ դուր է գալիս, նա տարիներով աշխատում է այդ փաստաթղթի վրա, բայց կարծում եմ՝ չափից դուրս կլիներ քվեարկությունը հենց այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահը մեր քաղաքում էր: Բայց հաջորդ անգամ չեմ պատրաստվում արգելափակել այն», – ասել է նա:

«Հաջորդ անգամ»-ը շատ չուշացավ. ուղիղ մեկ շաբաթ անց դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը վերստին շրջանառության մեջ էր դրել թիվ 150 բանաձևը՝ կոչ անելով Սենատին անհապաղ անցնել քվեարկության: Այս անգամ նրան էր միացել նաև հանրապետական Թեդ Քրուզը, ով Գրահամի հետ ներկա էր եղել նախագահներ Թրամփի և Էրդողանի հանդիպմանը:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է և կարևոր դաշնակից, բայց ընկերները և դաշնակիցները կարող են միմյանց ասել ճշմարտությունը: Եվ մենք չենք հարգում Ամերիկան ու մեր դավանած արժեքները, եթե վախենում ենք ասել ճշմարտությունը և միտումնավոր մասնակցում ենք դրա քողարկմանը»,- ընդգծել էր Քրուզը:

Բանաձևը, սակայն, կրկին արգելափակվել էր, այս անգամ՝ հանրապետական Դեյվիդ Փերդյուի ջանքերով:

Քաղաքականություն

Պատահարներ