«Հայրենիքի» տրանսպորտային հանգույցը ներառված չէ Երևանի զարգացման պլանում․ Fip.am-ի ուսումնասիրությունը

Fip.am անդրադարձել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը նոյեմբերի 16-ին ֆեյսբուքյան գրառմանը, որում խոսվում էր «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագծի մասին։

 

«Հարգելի համաքաղաքացիներ, պետք է Ձեզ հերթական անգամ հիասթափեցնեմ։ Մոռացեք այս նախագիծը։ Քաղաքապետի կողմից ներկայացված հնգամյա զարգացման ծրագրում չկա այս նախագիծը, ինչպես և չկա որևէ ստորգետնյա կամ վերգետնյա անցում կառուցելու տեսլական։ Չկա երթևեկությունը թեթևացնող որևէ էստակադայի/հանգույցի կառուցում!!!»,- գրել էր ավագանու անդամը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է պարզել, թե ինչու այս հանգույցը ներառված չէ զարգացման պլաններում, և արդյո՞ք քաղաքապետարանը հրաժարվել է այս նախագծից։

 

Ի՞նչ տրանսպորտային հանգույցի մասին է խոսքը

2019 թ. փետրվարին քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքում գրառում էր կատարել` հայտնելով, որ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ քննարկում են «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը: 

«Այն զգալիորեն կթեթևացնի երթևեկությունը` Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի հատման հատվածում՝ ապահովելով անընդհատ երթևեկություն»,- նշել էր Մարությանը։ 

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ավելի ուշ տեղեկացրել էր, որ այս հանգույցի կառուցման արժեքը կկազմի շուրջ 4 մլն դոլար։ 

Այսպես, ըստ Թեհմինա Վարդանյանի, Երևանի հնգամյա զարգացման պլանում նախագիծը չկա, ուստի նախագիծը կյանքի չի կոչվի։ Ուսումնասիրելով Երևանի զարգացման 2020 թ. ծրագիրը, ինչպես նաև Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագիրը, իսկապես, որևէ հիշատակում այս ծրագրի մասին չկա։ Ուստի, դիմելով Երևանի  քաղաքապետարան, խնդրեցինք պարզաբանել, թե ինչո՞ւ այն ներառված չէ քաղաքի զարգացման ծրագրերում։

 

Ե՞րբ կիրականացվի այս նախագիծը 

Քաղաքապետարանից, «Փաստերի ստուգման հարթակի» հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ ներկայում առաջնահերթության կարգով իրականացվում է Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների կառուցումը, որոնց արդյունքում որոշ չափով կբեռնաթափվի քաղաքի կենտրոնը, ինչպես նաև հենց Արշակունյաց պողոտան։

«Արշակունյաց պողոտայի բեռնաթափումից հետո միայն հնարավոր կլինի փաստացի մեկնարկել «Հայրենիք» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող հանգույցի վերակառուցման աշխատանքները, քանի որ միաժամանակյա շինարարական աշխատանքները կհանգեցնեն քաղաքի պարալիզացմանը։ Եվ քանի որ հանգույցի շինարարական աշխատանքները չեն իրականացվելու 2020-ին, ուստի վերջինս չի ներառվել Երևան քաղաքի 2020 զարգացման ծրագրում»,- նշված էր պատասխանում։  

Ինչ վերաբերում է հնգամյա զարգացման պլանին, ապա քաղաքապետարանից Fip.am-ի հետ զրույցում պարզաբանեցին, որ միայն վերոնշյալ երկու նախագծերի ավարտից և ճանապարհի վերջանական տեքսն ունենալուց հետո կարող են այս հանգույցը ներառել իրականացվող ծրագրերի շարքում։ 

Քաղաքապետարանից հավաստիացրեցին, որ ծրագիրն իրականացվելու է։ Ըստ պատասխանի՝ Արշակունյաց-Գարեգին Նժդեհ խաչմերուկում նոր հանգույցի կառուցման համար դիտարկվում են երկու հնարավոր նախագծային լուծումներ՝ էստակադա և երկմակարդակ օղակաձև երթևեկությամբ հանգույց, իսկ սպասվելիք նախագիծը նախատեսում են իրականացնել ներդրողների ներգրավմամբ։ 

Իսկ Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների կառուցման աշխատանքների մասով նշենք, որ ըստ Երևանի 2020 թվականի զարգացման ծրագրի՝ Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2018-ի փետրվարին, իսկ ավարտը նախատեսվում է 2020 թվականին։ Իսկ  Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերին, և ավարտման ժամկետ է նշվում 2021 թվականը։

Այսպիսով, ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի դիտարկումը, որ Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում նոր հանգույցի կառուցումը ներառված չէ Երևանի հնգամյա զարգացման պլանում, համապատասխանում է իրականությանը։ Սակայն այն պնդումը, որ ներկայիս քաղաքային իշխանությունները հրաժարվել են այս հանգույցի կառուցումից, սխալ է։ Այնուամենայնիվ, այս պնդման իսկության ստուգումը հնարավոր կլինի միայն երկու ճանապարհահատվածների աշխատանքների ավարտից հետո միայն։

  •  
  •  
  •  
  •  

Քաղաքականություն

Պատահարներ