Սուրիկ Խաչատրյանը Փարիզում է, ինչպե՞ս են բերելու Հայաստան

Քիչ առաջ ՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում։

 

Նշենք, որ հեղափոխությունից հետո Սուրիկ Խաչատրյանը լքել էր Հայաստանը, մամուլում հրապարակումներ կային, որ նրա առողջական վիճակը շատ վատ է, ընդհուպ կոմայի մեջ է։

 

Խաչատրյանի մտերիմ ընկերը՝ նախկին պատգամավոր, գեներալ Սեդրակ Սարոյանն էլ իր տանը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր. «Սուրիկ Խաչատրյանը Փարիզում է, շատ ծանր վիրահատություն է տարել, շատ վատ վիճակում է, թողեք էտ մարդն իր մահը մեռի, գործ չունեք։ Մեղք է, իրոք շատ վատ է։ Մինչև հիմա կոմայի մեջ է ինչքան գիտեմ»։

 

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ հեղափոխությունից հետո Խաչատրյանը եղել է Օդեսայում, Լոնդոնում, Փարիզում, այժմ էլ նա գտնվում է Փարիզում, առողջական վիճակը կայունացել է, սակայն Հայաստան վերադառնալու նպատակ, ծրագրեր չունի։


Ըստ ամենայնի՝ երբ ոստիկանությունը հետախուզում իրականացնի եւ պաշտոնապես պարզի, որ Խաչատրյանը Հայաստանում չէ, գուցե այդ ժամանակ միջագզային հետախուզման հարց առաջանա։

 

Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ դատարանի որոշմամբ Խաչատրյանը սնանկ է ճանաչվել, մամուլում հրապարակումներ կային նաեւ, որ նա Մեծ Բրիտանիայում ընկերություն է հիմնել։

 

Մասնավորապես, պարզվել է, որ Սուրիկ Խաչատրյանը, 2011-2012թթ ընթացքում զբաղեցնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը, մարզպետարանի պաշտոնատար անձի միջոցով Սյունիքի մարզի Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին տվել է ապօրինի կարգադրություն՝ Սյունիքի մարզի Նորավան համայնքին պատկանող մետաղական խողովակներն առանց որևէ օրինական հիմքի իր եղբորը հանձնելու վերաբերյալ:

 

Բացի այդ, 2016թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Սուրիկ Խաչատրյանը Ակներ համայնքի ղեկավարին տվել է ապօրինի կարգադրություն՝ Ակներ համայնքում գտնվող հողամասը ճանապարհին միացնող 0.43 հա մակերեսով հողատարածքի հատվածը կեղծ աճուրդի միջոցով իր կողմից նշված անձին` Աշոտ Գևորգյանին օտարելու վերաբերյալ:

Քաղաքականություն

Պատահարներ