476 մլն դրամի վնաս․ չարաշահումներ Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացքում
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Ծաղկաձորի ճոպանուղու գործունեության և այն շահագործող ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ իրականացված մեծածավալ ուսումնասիրության արդյունքում վարչության դատախազի կողմից 2019թ. ապրիլի 26-ին որոշում էր կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի և 184-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու և այն նախաքննություն կատարելու համար ՊԵԿ քննչական վարչություն ուղարկելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Իրականացված ուսումնասիրությամբ, մասնավորապես, պարզվել էր, որ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությունը (ՀԱՕԿ)-ը 2008թ. դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագրով ճոպանուղին հավատարմագրային կառավարման է հանձնել «Լ...» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Վերջինիս կողմից 2008-2016թթ-ին հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկներով պակաս են ցույց տրվել և իրավահարաբերության ձևավորման պահին գործած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չեն հաշվարկվել ծառայությունների մատուցումից ստացված հասույթները` 1.985.273.178 ՀՀ դրամի չափով, հարկվող օբյեկտները /շահույթ/ պակաս է ցույց տրվել 397.054.636 ՀՀ դրամի չափով, որից պակաս հաշվարկված շահութահարկի գումարը կազմում է 79.410.927 ՀՀ դրամ: Իսկ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 23-րդ հոդվածներով սահմանված կարգով չեն հաշվարկվել նաև պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները, որոնք նույն ժամանակահատվածի համար կազմել են 397.054.636 ՀՀ դրամ: Արդյունքում` «Լ...» ՍՊԸ կողմից հարկերը չվճարելու պատճառով պետությանը պատճառվել է ընդհանուր 476.465.563 ՀՀ դրամի վնաս:
ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում կատարվող նախաքննությամբ նոյեմբերի 8-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավել 2008թ-ի դեկտեմբերից մինչև 2017թ. սեպտեմբեր «Լ...>> ՍՊԸ տնօրենի պաշտոնն զբաղեցրած Ա.Պ.-ին: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ վերջինս առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու նպատակով հանձնարարել է ընկերության տոմսավաճառներին` հաճախորդների կողմից վճարված գումարների դիմաց հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն չտրամադրել, կամ տրամադրել հաճախորդի կողմից պահանջի դեպքում` խեղաթյուրելով ֆիսկալային հաշվետվությունների տվյալները: Արդյունքում` ընկերության կողմից 2008-2016թթ. հարկային մարմին ներկայացված շահութահարկի և ավելացված արժեքի հարկի հաշվարկներով պակաս են ցույց տրվել և չեն հաշվարկվել ծառայությունների մատուցումից իրացման ծավալները: Եվ իրացման շրջանառության վերաբերյալ հարկային մարմին ներկայացրած 2008-2016թթ. ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու արդյունքում ընկերությունը խուսափել է պետական բյուջե վճարել առանձապես խոշոր չափերով՝ 476.465.563 դրամի չափով ԱԱՀ և շահութահարկ:
Բացի այդ, ընկերության նախկին տնօրենը, չարաշահելով «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե»-ի պատասխանատու անձանց վստահությունը, դիտավորությամբ վերջինիս, որը հանդիսանում է «Լ...» ՍՊԸ 50 տոկոս մասնակիցը, պատճառել է առանձնապես խոշոր չափի վնաս: Մասնավորապես՝ թաքցնելով հասույթի իրական չափերը՝ «Լ...» ՍՊԸ-ի կողմից պակաս շահաբաժին է փոխանցվել «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե»-ին՝ վստահությունը չարաշահելու եղանակով վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափի` 79.410.927 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ա.Պ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: