Հայուհին վաղաժամ ծննդաբերել է Շարմ Էլ Շեյխ-ում. երեխային վերցնելու համար պահանջում են 5000 դոլար. ահազանգ

Auroranews-ը ահազանգ է ստացել ներկա պահին Շարմ Էլ Շեյխ քաղաքում գտնվող Նարեկ Հովհաննիսյանից և Լիլիթ Առաքելյանից։ 

 

«Կինս մոտ 7 ամսական հղի էր, օդանավում նրա ինքնազգացողությունը վատացավ և վայրէջքից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխեցինք հիվանդանոց, որտեղ էլ տեղի ունեցավ վաղաժամ ծննդաբերություն՝ կեսարյան հատման միջոցով։ Խնդիրը նրանում է, որ երեխան հիվանդանոցում գտնվում է կուվեզում (ինկուբատոր) և բժիշկները նշում են, թե երեխային կարող են դուրս գրել միայն չորեքշաբթի օրը, իսկ մեր փաթեթը մինչև շաբաթ օրն է։ Մեզ անհրաժեշտ է լրացուցիչ գումար այստեղ մնալու և բժշկակական ծախսերի հոգալու համար։ Ցավոք այս պահին հնարավորություն չունենք այդ գումարները վճարելու և փաստացի անելանելի վիճակում ենք հայտնվել։ Այսինքն՝ քանի դեռ չենք վճարել նշված գումարը, չենք կարող երեխային վերցնել և Հայաստան գալ»,- հայտնում է Նարեկ Հովհաննիսյանը։ 

 

Ամուսնինները պատմում են, որ հենց սկզբից հիվանդանոցում իրենցից 5000 ԱՄՆ դոլար են պահանջել, և քանի որ իրենք այդքան գումար չեն ունեցել՝ դիմել են Եգիպտոսում ՀՀ դեսպանատանը, որպեսզի օգնություն ցուցաբերվի: Դեսպանատան միջամտությամբ 5000 դոլարն իջեցվել է մինչև 3500-ի, սակայն ամուսինները այդ գումարը նույնպես չունեն։ 

 

Auroranews-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ դեպանության կողմից ամեն հնարավոր բան արվում է քաղաքացիներին օգնելու համար։ Նշենք, որ ամուսնինները «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում ունեն բժշկական ապահովագրություն։ Կապ հաստատեցինք կազմակերպության հետ, հասկանալու համար արդյո՞ք բժշկական ծախսերի համար նախատեսված գումարը պատրաստվում են վճարել։ Մեզ պատասխանեցին, որ կազմակերպությունը գումարը կփոխանցի այն դեպքում, երբ բժշկական թղթերով ապացուցվի, որ վիրահատությունը կատարվել է կյանքին վտանգ սպառնալու հանգամանքով։ 

 

Ընդգծենք, որ ամուսինների հանգիստը պլանավորված չի եղել, քանզի տոմսերը շահել են խաղարկությամբ: 

 

Այս պահին Auroranews-ը նրանց հետ կապի մեջ է, կտրվի հավելյալ տեղեկություն։

 

Քաղաքականություն