Երևանի բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով

Երևանի բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության  հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Եթե Դուք ներքոհիշյալ ռիսկի խմբերից որևէ մեկում եք, դիմեք Ձեր հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվեք սեզոնային գրիպի դեմ՝

  •  

հղիներ,

6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ,

65 տարեկանից բարձր տարիքի անձինք,

շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,

մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր, ընդունարանի, շտապ օգնության, վերակենդանացման, քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքների բուժանձնակազմ, համաճարակաբաններ և համաճարակաբանի օգնականներ,

2020 թվականի առաջին զորակոչի ենթակա անձինք,

տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններ,

փակ կոլեկտիվներում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ,

հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:

  •  

Միաժամանակ հայտնում ենք, որ մարզերում դեռևս շարունակվում է պատվաստանյութի բաշխման գործընթացը: Նոյեմբերի 11-ից հանրապետության ողջ տարածքում սեզոնային գրիպի դեմ պատվաստումները հասանելի կլինեն ռիսկի խմբերի բոլոր անձանց:

Նշենք, որ գրիպը սուր վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է հազալու, փռշտալու կամ անմիջական շփման արդյունքում: Գրիպի ախտանշանները (տենդը և դողը, հազը, կոկորդի բորբոքումը, գլխացավը, մկանային ցավը և հոգնածությունը) սկսվում են հանկարծակի և կարող են տևել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ:

 

Սեզոնային գրիպից լավագույն պաշտպանությունը պատվաստումն է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն