Էրդողանը չի բացառել ՌԴ-ից կործանիչների գնումը, եթե ԱՄՆ-ն հրաժարվի մատակարարել F-35 կործանիչներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Ռուսաստանից կործանիչների գնումը, եթե ԱՄՆ-ն հրաժարվի իրենց մատակարարել ամերիկյան F-35 կործանիչներ:

 

 Այդ մասին Էրդողանը լրագրողներին հայտնել է այսօր, գրում է En Son Haber գործակալությունը:

 

«Երբ մենք գնում էինք C-400 համակարգերը, մենք ոչ ոքից թույլտվություն չէինք հարցնում, այնպես որ, եթե մենք որոշում ընդունենք, կգնենք դրանք»,- ասել է Թուրքիայի նախագահն ի պատասխան լրագրողի՝ ռուսական կործանիչներ գնելու մասին հարցին:

 

«Եթե F-35-ի հարցը չլուծվի, մենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք»,- ավելացրել է Էրդողանը:

 

Հոկտեմբերի 25-ին թուրքական Daily Sabah պարբերականը տեղեկացրել էր, որ Անկարան և Մոսկվան մոտ են 36 հատ Су-35 կործանիչների մատակարարման շուրջ համաձայնությանը: Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ կողմերը կարող են պայմանավորվել նաև, որ Թուրքիան ապագայում արտադրի ռուսական ինքնաթիռների որոշ բաղադրիչներ:

 

Հոկտեմբերի 22-ին ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պետ Դմիտրի Շուգաևը հայտարարել էր, որ Су-35 և Су-57 կործանիչների մատակարարման մասին բանակցությունները Թուրքիայի հետ շարունակվում են, սակայն համաձայնագիր կնքելու մասին առայժմ խոսք չկա:

 

Հոկտեմբերի 29-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերքել էր տեղեկություններն այն մասին, որ Անկարան պատրաստվում է կործանիչներ գնել Ռուսաստանից:

Քաղաքականություն