Դատախազությունն ուսումնասիրում է Անահիտ Բախշյանի՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի դիմումը

Հասարակական-քաղաքական գործիչ, հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանի՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբերյալ Գլխավոր դատախազությանն ուղղված դիմումն այս պահին քննարկման փուլում է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ նշել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

 

Նա հայտնել է, որ քննարկման ավարտից հետո Անահիտ Բախշյանին  դիմումի պատասխանը կուղարկվի:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Անահիտ Բախշյանը դիմել էր Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝պնդելով, որ չնայած վերջինիս խորհրդականի հայտարարությանը, ինքը 2004 թվականից մինչ օրս չի ստացել «Հոկտեմբերի 27»-ի գործի կարճման մասին որոշումը. «Հոկտեմբերի 30-ին «Առավոտ» թերթում կարդացի «Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդներին եւ նրանց ներկայացուցչին տրամադրվել է քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման պատճենը. «Հրապարակ»» հոդվածը, որտեղ Ձեր խորհրդական Գոռ Աբրահամյանն ասում է, որ եթե տուժողների իրավահաջորդներից, նրանց ներկայացուցիչներից կան անձինք, ովքեր պնդում են, որ չեն ստացել քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը, կարող են դիմել ՀՀ դատախազություն, եւ սահմանված կարգով նրանց կտրամադրվի որոշման պատճենը»։

 

Դիմելով գլխավոր դատախազին՝ Անահիտ Բախշյանը խնդրել է իրեն՝ որպես 1999թ․ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկիչների կողմից սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրու, տրամադրել 2004թ․ նոյեմբերի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի կողմից կայացված որոշման պատճենը. «Ինչպես նաև, ուզում եմ համոզվել, որ ես ծանոթացել եմ այդ որոշմանն ուղեկցող գրությանը, որի մասին պնդում է գլխավոր դատախազի խորհրդականը։ Մեջբերում եմ իր ասածը․ «Գլխավոր դատախազի խորհրդականը պնդեց, որ, ըստ քրեական գործի նյութերի, առկա է տուժողի իրավահաջորդներին եւ նրանց ներկայացուցչին, ինչպես նաեւ տուժողներին ուղղված ուղեկցող գրություն՝ առ այն, որ նրանց տրամադրվել է քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման պատճենը, պարզաբանվել է այն բողոքարկելու կարգը, ինչպես նաեւ գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը»,- նշել է Բախշյանը՝ հույս հայտնելով , որ որոշմանը ծանոթանալուց հետո եթե բողոքարկի, ապա բողոքարկելու համար վաղեմության ժամկետը կհաշվարկվի ստանալու օրվանից։

 

Քաղաքականություն

Պատահարներ