
Դավիթ Սանասարյանի դեմ նոր քրգործ է հարուցվել

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը պատրաստ է։ Երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս:
ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տուժածի շահերը պաշտպանող փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Փաստաբանը գրել է, որ համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության` երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս:
Հիշեցնենք`հոկտեմբերի 14–ին մի շարք ԶԼՄ–ներ գրեցին, որ Սանասարյանը սեպտեմբերի 12-ին Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին։ Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Սանասարյանը որևէ բան չի ձեռնարկել:
Պատահական անցորդներից մեկը զանգահարել է Ա.Ղ.-ի մորը, որն էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Սանասարյանը, տեղեկանալով, որ երեխան տեղափոխվել է բուժկենտրոն, գնացել է և տեղում պայմանավորվել բժիշկ Արսեն Գևորգյանի հետ, որպեսզի դեպքը ոստիկանությունում չգրանցվի որպես վրաերթ, այլ գրանցվի որպես բակում խաղալու ընթացքում ստացած կենցաղային վնասվածք:
Սանասարյանը իր էջում գրել էր, որ իր վրա «շառ են անում». մի երեխա քարի վրայից ցատկել, դիպել է մեքենային ու ընկել, ինչից հետո ինքն այդ երեխայի ու մոր հետ գնացել է բժշկական կենտրոն։ Այնտեղ զննել են երեխային և ասել, որ ոչ մի խնդիր չկա։ Հետո կինը նորից է զանգահարել ու ասել, որ լրացուցիչ բուժզննման կարիք կա, իսկ տեղում 300.000 դրամ փող պահանջել` սպառնալով, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ երեխային Սանասարյանը վրաերթի է ենթարկել։
Հիշեցնենք նաև, որ պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։
ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաև Դավիթ Սանասարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։
Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ժամանակավորապես դադարեցվել էր նաև նրա պաշտոնավարումը։
Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու էր որակել` հայտարարելով, որ պատրաստ է իր ձեռքը կտրել, եթե հրապարակվի այն տեսանյութը, որտեղ ինքը կաշառք է վերցնում։
Սանասարյանի պաշտպանները դիմել էին դատախազություն, որպեսզի նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի: