
Վստա՞հ եք, որ հանդիպում եղել է․ Ավետիք Իշխանյանը՝ Բաբաջանյան-Հունանյան հանդիպման մասին

Իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե չեմ սխալվում 2006 թվականն էր։ Որպես ՔԿՀ-ների հասարակական դիտորդների խմբի անդամ, այցելեցի ԱԱԾ մեկուսարան (իբրև ԱՆ ենթակայության), հանդիպելու Ալեքսանդր Արզումանյանին և Ժիրայր Սեֆիլյանին (որի հետ էլ հենց մեկուսարանում ծանոթացա): Ինչպես ընդունված կարգն է, սկզբում հանդիպեցի ՔԿՀ-ի պետ պրն Խլղաթյանի հետ։ Ընդհանուր հարցերից զրուցելուց հետո, երբ արդեն պետք է հանդիպեի ազատազրկվածների հետ կեսկատակ ասացի․
- Պարոն Խլղաթյան, կարո՞ղ եք այնպիսի սենյակ տրամադրել հանդիպման համար, որը չձայնագրվի։
Հնչեց պատասխանը․
- Մենք այդպիսի սենյակ չունենք։
Ինչո՞ւ հիշեցի այս դիպվածը։
Դասալիք պատգամավորը, որը հայտնի է փաստաթղթեր կեղծելով, ստեր և բանսարկություններ տարածելով, ըստ իր տարածած հայտարարության այցելել է ԱԱԾ մեկուսարան և շուրջ երկու ժամ զրուցել Նաիրի Հունանյանի հետ։
Հարցեր՝ սույն կեղծարարի հայտարարությունները տարածող լրատվամիջոցներին և նրա բանսարկությունները հալած յուղի տեղ ընդունող «հպարտ քաղաքացիներին»․
- Վստա՞հ եք, որ հանդիպում եղել է։
- Վստա՞հ եք, որ այն տևել է երկու ժամ։
- Վստա՞հ եք, որ այն ինչ ասում է կեղծարար պատգամավորը հավաստի է։
- Վստա՞հ եք, որ եթե, այնուամենայնիվ, հանդիպումը տեղի է ունեցել, այն չի ձայնագրվել։
- Ինչո՞ւ ԱԱԾ-ից չեք պահանջում հանդիպման ձայնագրությունը։
Թե՞, այսպես հարմար է, կամ այդպես է պատվիրված․․․»։