Գիշերը 3–ին սկսեցին կրակել. ադրբեջանական կողմից կրակոցներ արձակած գյուղերի բնակիչները մանրամասնում են

Երեք համայնքների ղեկավարները Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել են, թե ինչ է կատարվել գիշերն իրենց տարածաշրջանում։

 

Տավուշի մարզի Բաղանիս, Կոթի և Ոսկեպար գյուղերում այս գիշեր խաղաղ չի եղել։ Ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչել գյուղերին հարակից դիրքերի, տեղ–տեղ նաև` գյուղերի վրա։

 

«Գիշերը կրակել են դիրքերի վրա։ Մեր գյուղի վրա կրակոցներ չեն եղել, հետևաբար, վնասներ էլ չենք կրել»,–  ասել է Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը։

 

Իսկ Կոթի գյուղի հատվածում կրակոցները հենց գյուղի վրա են եղել։ «Գիշերը 3–ին մոտ սկսեցին կրակել։ Մոտ մեկ ժամ տևեց, ընդհատումներով»,–մեզ հետ զրույցում ասաց Կոթի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը` հավելելով, որ այս պահին վնասների մասին ամփոփ ինֆորմացիա չունեն, ճշտում են։

 

Ոսկեպարում էլ են կրակոցները նպատակային` դիրքերին ուղղված եղել, բայց բանն այն է, որ այստեղ դիրքերը գյուղին շատ մոտ են։

 

«Ընդհատումներով երկար ժամանակ կրակել են, բայց, բարեբախտաբար, տուժածներ և վնասներ չունենք»,– ասել է Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը։

 

Հիշեցնենք, որ Տավուշում երեկ գիշեր և այսօր վաղ առավոտյան հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ Արծրուն Հովհաննիսյանի հավաստմամբ` կրակոցները լռել են պատասխան կրակից հետո միայն։

 

Քաղաքականություն

Պատահարներ