«Ժամանակ». Նախկինում ոստիկանական համակարգին իշխանությունը մոտիվացրել է կոռուպցիայով, ոչ թե պետական փողով

«Ժամանակ» թերթը գրում է.

 

2020 թվականի բյուջետային նախագծով ոստիկանությանը հատկացվող փողն ավելանում է մոտ կես միլիարդ դրամով: Այդ մասին հայտնի է դարձել նախօրեին խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկման ընթացքում: Ոստիկանությանը հատկացվող փողի ավելացումը ունի բյուջետային յուրօրինակ ուղերձի իմաստ: Կամ, թերևս, մի քանի իմաստներ: 

 

Նախ պետք է արձանագրել, որ կառավարությունն այդպիսով շեշտադրում է առաջիկա տարում ոստիկանությանը, այսպես ասած, համարժեք սպասումների ազդակ հղելու անհրաժեշտությունը, ինչը, թերևս, պայմանավորված է նրանով, որ քաղաքական համակարգի կայացվածության պայմաններում իշխանության համար, անշուշտ, շատ կարևոր է դառնում իրավապահ համակարգը: 

 

Խնդիրը ամենևին, այսպես ասած, ուժային, բռնատիրական մեթոդաբանությունը չէ, և հակառակը՝ ի վերջո, իրավիճակը այդօրինակ ծայրահեղ անհրաժեշտության չհասցնելու համար է կարևոր, որ ոստիկանական համակարգը ունենա ժամանակին և օրենքի ու իրավունքի շրջանակում խնդիրներին արձագանքելու պատրաստակամություն: Եվ քանի որ նախկին համակարգը ակնհայտորեն բավականին լայն տեղեկատվա-քարոզչական աշխատանք է կատարում նաև ոստիկանության ուղղությամբ, իշխանության կոնկրետ ազդակները իրավապահ այդ բլոկին՝ սպասումների դրական միջավայր ձևավորելու ուղղությամբ, ստանում են քաղաքական նշանակություն, ինչի մի էական արտահայտություն էլ կառավարությունը թերևս դիտարկել է ոստիկանության ծախսի ավելացումը:

 

Իհարկե, այստեղ արդեն այլ հարց է, թե դրանով հանդերձ որքանով է ավելանում աշխատանքի էֆեկտիվությունը, և սա, անշուշտ, առանձին խոսակցության նյութ է: Մյուս հանգամանքը, որ առկա է այս տիրույթում, այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարը խոշոր հաշվով ենթադրում է, որ ոստիկանությունը ևս պետք է զերծ մնա այդ երևույթից: Իսկ դա էապես նվազեցնում է համակարգի մոտիվացվածությունը: Գաղտնիք չէ, որ նախկինում համակարգին իշխանությունը մոտիվացրել է կոռուպցիայով, ոչ թե պետական փողով: Ըստ այդմ՝ ոստիկանությունը ծառայել է ոչ թե պետությանը, այլ իշխող համակարգին: Այդ իմաստով շատ կարևոր է, որպեսզի ոստիկանությանը առնվազն ֆինանսական տեսանկյունից մոտիվացնի պետությունը, ոչ թե կոռուպցիոն բուրգը: Սա, իհարկե, ամենևին ոչ ամենավճռորոշ հանգամանքն է համակարգի իրապես ռեֆորմացիայի կարևոր հարցում, սակայն անշուշտ էական հանգամանքներից և ռեֆորմացիայի ելակետերից մեկն է, որից հետո, իհարկե, դարձյալ առաջանում է հաջորդ քայլերի վերաբերյալ առանցքային հարցը:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ