Ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թ. ծրագիրը
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակության դիմավորման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։
Պաշտոնական արարողությունից հետո կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի առանձնազրույցը, որն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Ողջույնի խոսքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության ընթացքը, գոհունակությամբ ընդգծել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում իրականացվող համատեղ միջոցառումների արդյունավետությունը: Դավիթ Տոնոյանը համոզմունք է հայտնել, որ ՌԴ ՊՆ պատվիրակության այս այցը նոր լիցք կհաղորդի պաշտպանության բնագավառում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը և կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը:
ՌԴ պաշտպանության նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ իր այցը մեկնարկել է Գյումրիից` ընդգծելով տեղի ազգաբնակչության բարեկամական վերաբերմունքը 102-րդ ռուսական ռազմակայանի անձնակազմի հանդեպ:
Սերգեյ Շոյգուն գոհունակությամբ արձանագրել է պաշտպանական ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների բարձր մակարդակը և դրանց ռազմավարական դաշնակցային բնույթը, կարևորել է համատեղ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, ռազմական կրթության, ՌԴ 102-րդ ռազմակայանի մարտունակության ամրապնդման և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության ներկա վիճակի, փոխգործակցության հետագա զարգացման ուղիների ու հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելությանը:
Այցի արդյունքներով ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թ. ծրագիրը, որը ներառում է երկկողմ համագործակցության ուղղությունների լայն շրջանակ:
Նմանատիպ հոդվածներ
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...
ՀՐԱՏԱՊ. Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։Նրա խափանման միջոց է ընտրվել...
Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել խոստումը. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է և պահել խոստումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոմերսանտին» տվա...
ՊԵԿ նախկին աշխատակիցը մեծ սիրով ընդունել է աշխատանքի վերադառնալու առաջարկը
ՊԵԿ նախկին աշխատակից Հայկ Մարտիրոսյանը մեծ սիրով ընդունել է առաջարկը եւ կվերադառնա համակարգ աշխատանքի: Այս մասին «Հայկակ...