Բաբլոյանի մեղադրանքը չենք ընդունում, գտնում ենք, որ այն անհիմն է. պաշտպան

«Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը չենք ընդունում, գտնում ենք, որ այն անհիմն է». Հատուկ քննչական ծառայության մոտ այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:

 

Ըստ նրա՝ Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը իրավական տեսանկյունից մի շարք խնդիրներ է առաջացնում, որովհետեւ անկյունաքարը հանդիսանում է իրավական մեկնաբանությունը: «Իսկ իրավական մեկնաբանությունը դա մասնագիտական հարց է: 

 

Դուք տեղյակ եք, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը դա քաղաքական, ներկայացուցչական բարձրագույն պաշտոններից մեկն է, բայց այն բնավ մասնագիտական պաշտոն չէ: Եվ նաեւ ուզում եմ ընդգծել, որ այստեղ նաեւ հաշվի չի առնվել Արա Բաբլոյանի գործառութային անձեռնմխելիությունը՝ որպես պատգամավորի: Դուք գիտեք, որ ՀՀ-ում ԱԺ պատգամավորները օժտված են գործառութային անձեռնմխելիությամբ»,- ասաց Վարդեւանյանը:

Խոսելով քննիչների գործողությունների մասին՝ փաստաբանն ասաց, որ այդ մասով ակնհայտ խնդիր ես չի նկատել, եւ բարեհամբույր մոտեցումը կա եւ պատշաճությունը:

 

Վարդեւանյանը անդրադարձավ մեկ հանգամանքի եւս: Հիշեցնելով, որ պատգամավոր Արման Բաբաջանյանն էր ներկայացրել հաղորդումը՝ փաստաբանն ընդգծեց, որ այն վերաբերում էր Սահմանադրության 95-րդ հոդվածին, որով պատգամավորի լիազորությոնները դադարում են: «Այնտեղ նույնիսկ պնդում կար, որ այսպիսով Արա Բաբլոյանի կողմից ընդունված որոշմամբ Հրայր Թովմասյանը շարունակել է պաշտոնավարել որպես պազտգամավոր: Այդ մասով որեւէ մեղադրանք չի առաջադրվել եւ կարելի է իրավական, դատավարական առումով պնդել, որ այդ մասով կա արդարացում»,- ասաց Արամ Վարդեւանյանը:

 

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա՝ ՀՔԾ-ում իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: 

 

Պատգամավորը պնդում էր, որ Հրայր Թովմասյանը խորհրդարանական մանդատից հրաժարվելու դիմում չի գրել եւ յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով: Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրգործի շրջանակներում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին նախօրեին մեղադրանք առաջադրվեց, իսկ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվեց որպես կասկածյալ:

 

Քաղաքականություն

Պատահարներ