Զենքի մատակարարման մրցույթի առնչությամբ հարուցված քրգործում կասկածյալ չկա. ՔԿ
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ռազմամթերքի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով փակ պարբերական մրցույթում կեղծ պատճառաբանություններով ռուսական «Օրսիս Արմս» ընկերության հայտը մերժելու վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:
«Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ՀՀ-ում գրանցված, ռեզիդենտ հանդիսացող «Օրսիս Արմս» ընկերության ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի դիմումում նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-ասաց Հարությունյանն ու հավելեց՝ այս պահին ներգրավված կասկածյալ կամ մեղադրյալ անձ չկա:
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հերքել է «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկությունն այն մասին, թե Ռուսաստանը պատրաստվում է բողոքի նոտա ուղարկել Հայաստանին՝ զենքի մրցույթի տապալման համար: «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել էր, թե Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ուղղված գրություն էր պատրաստել, որում մասնավորապես նշվել էր, որ ռուսական «ՕՐՍԻՍ»-ի հայտը մրցույթում մերժվել է առանց պատճառաբանության:
Լրատվամիջոցի աղբյուրի տեղեկություններով՝ գրությունն արդեն փոխանցվել էր ՌԴ արտգործնախարարությանը և պետք է ուղարկվեր Հայաստան՝ հորդորելով դիտարկել առկա իրավիճակը և հանձնարարականներ տալ այն լուծելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների ընդունման վերաբերյալ:
Այդուհանդերձ, ՏԱՍՍ գործակալությունն արդեն հերքել է ՌԻԱ-ի հրապարակումը:
Օգոստոսին ՀՀ-ում գրանցված, ռեզիդենտ հանդիսացող «Օրսիս Արմս» ընկերության ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հաղորդում էր ներկայացրել՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ռազմամթերքի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով փակ պարբերական մրցույթին մասնակցելու իրենց հայտը գնահատող հանձնաժողովի կողմից կեղծ պատճառաբանություններով մերժելու վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում նշված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) նախատեսված հանցագործության հատկանիշներով օգոստոսի 17-ին հարուցվել էր քրեական գործ:
Նմանատիպ հոդվածներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյս...
Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՀ Ազ...
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը։ Այս...
Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ Այս...