Նախարարների 80%–ը չի ծխում. Թորոսյանը` հակածխախոտային նախագծի մասին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրինագծի շուրջ ծավալվող խոսակցություններին և որոշակի պարզաբանումներ ներկայացրել։

 

«Չկա մի երկիր աշխարհում, որտեղ ծխախոտի վաճառքից հավաքված հարկերը ավելի շատ լինեն, քան դրա տված վնասը՝ դրամային արտահայտությամբ։ Պարզապես չկա նման երկիր։ Սա հատուկ ուզում եմ շեշտել ԱԺ տնտեսական հանձնաժողովի իմ գործընկերների համար, քանի որ օրենքի գլխադասային հանձնաժողով տնտեսականն է նշանակվել»,- գրել է նա։

 

Նախարարը նշել է, որ նման օրենքների շուրջ աղմուկը, թե իբր երկիրը տնտեսական վնասներ կկրի կամ տնտեսական ապոկալիպսիս կլինի, հրահրվում կամ վճարվում է ծխախոտային ինդուստրիայի կողմից։  Հայաստանում դրանք հիմնականում ծխախոտ ներկրողներն են։

 

«Նրանք պատվիրում են տարատեսակ կեղծ հետազոտություններ, վճարում են ԶԼՄ-ներին ծխախոտը գովերգող կամ օրենքը և դրանց հեղինակներին վարկաբեկող հոդվածների համար։ Հաճախ դրանք տնտեսական ուղղվածության ԶԼՄ-ներն են, որ նրանց «կանխատեսումները» ավելի իրական թվան»,- ընդգծել է նախարարը։

Նախարարը համոզված է ծխախոտային ինդուստրիան աշխարհում ջանք չի խնայում շանտաժի, կամ այլ տարբեր «հետաքրքիր», իբր ներդրումային առաջարկների միջոցով դրդել երկրների կառավարություններին կամ խորհրդարաններին զերծ մնալ իրենց երկրի բնակչության առողջությանը միտված, հակածխախոտային օրենքներ ընդունելուց։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարությունն ու ազգային ժողովը զերծ կմնան նմանատիպ ազդեցություններից և մանիպուլյացիաներից։

Արսեն Թորոսյանը խոստացել է կրկին անդրադառնալ աղմուկին և դրա իսկական մոտիվներին։

 

Ի դեպ, նոր իշխանությունը չծխողների թվով գերազանցում է բոլոր նախորդ իշխանություններին. նախարարների 80%–ը չի ծխում, իսկ 10 մարզպետների շրջանում ընդհանրապես ծխողներ չկան։

Ընդունվող օրինագիծը քննարկվում էր շուրջ 1.5 տարի` դեռ Կարեն Կարապետյանի ժամանակներից, և բացասական արձագանք է առաջացրել ծխողների շրջանում։

 



 

Պատահարներ