Գյուղացիները կաթի մթերման դիմաց վճարումները չեն ստացել

Կաթը մթերել են, բայց վճարումներ չեն կատարել: Այսպիսին է բողոքի բովանդակությունը, որը ներկայացնում են Ամասիա համայնքի Բյուրակն գյուղի բնակիչները: 

 

5 ամիս է` մթերող կազմակերպությունը գյուղացիներին չի վճարել, ինչի հետևանքով յուրաքանչյուրին մինչև 350 հազար դրամ պարտք է կուտակվել: Մթերող ընկերության հետ պայմանագրեր չունեն և միայն բանավոր համաձայնության հիման վրա են գործարք կատարել:

 

Հիմա գյուղացիները պահանջում են իրենց գումարները վճարել: Իսկ միակ պատասխանատուն, որը գրեթե ամեն օր է գյուղ գալիս, մթերող ընկերության վարորդն է:

 

Գյուղամիջում հավաքվել էին նրանք, ովքեր Բյուրակնում ամենաշատ անասնագլխաքանակն ունեն ու կաթ են հանձնում ամեն օր: Բոլորը տալիս են նույն ընկերությանը: Իրենք մթերողից, մթերողն էլ իրենցից գոհ է եղել, մինչև 5 ամիս առաջ կաթի դիմաց վճարումները նախ` սկսել են ուշացնել, իսկ հետո ընդհանրապես գումար չեն վճարել:

 

Գյուղացիները մթերող ընկերության հետ պայմանագիր չունեն, պարտքի չափը հաստատող փաստաթուղթ ևս: Չեն իմացել, թե որ մթերող ընկերությունն է կաթն իրենցից վերցրել: Ծանոթ են եղել միայն վարորդին, ով տարբեր տարիների ու տարբեր ընկերությունների համար Բյուրակնից կաթ է մթերել: Վստահության սկզբունքով են աշխատել ու ստացվել է, որ գյուղացիների վստահությունը չարաշահել է:

 

«Մենք վարորդին առաջին անգամ չէ, որ տեսնում էինք: Մի քանի տարի նա կաթ էր մթերում մեր գյուղից: Փողը պարտաճանաչ վճարում էր, մենք էլ վստահեցինք: Բայց արդեն 5 ամիս է գումարի երես չենք տեսել: Վարորդն ասում է` տնօրենը չի վճարել, տնօրենն էլ ասում է, որ ինքը ընդամենը 2 ամսվա պարտք ունի: Մենք մեր գումարներն ենք պահանջում ու չենք հասկանում, թե ուր են գնացել մեր գումարներ»,- SHANTNEWS.am-ին հայտնել են Բյուրակնի բնակիչները:

 

Պարզվեց, որ Բյուրակնից մթերումներ կատարում է «Հովհաննես Շաբոյան» անհատ ձեռնարկատիրական ընկերությունը: Մինչև ամսվա վերջ խնդիրը լուծել խոստացել է մթերող ընկերության ղեկավարը: Այսօր էլ հայտնեցին, թե վճարումներից առաջ դեռ պետք է համեմատեն իրենց ունեցած պարտքի չափն ու գյուղացիների ներկայացրած թվերը: Ընկերությունը պարտքեր ունի, տնօրենը չի թաքցնում: Կաթի մթերումը սեզոնային գործընթաց է, որի ժամանակ ֆինանսական դժվարություններ ունեցել են:

 

«Գյուղացիները կաթը տալիս են վարորդին, նա էլ բերում, մեզ է հանձնում: Սեզոնային խնդիրներ ունեցել ենք, ուշացումներ եղել են: Ամեն ինչ դեռ պետք է պարզվի: Պետք է համեմատենք` ինչքան պարտք ունենք: Ամեն ինչ կպարզենք ու մինչև ամսվա վերջ խնդիրը կլուծվի»,- ասել է մթերող ընկերության տնօրեն Հովհաննես Շաբոյանը:

 

Բյուրակնում շատերն են արդեն հրաժարվել կաթը մթերել: Մի քանիսն էլ այլ կազմակերպությունների են հանձնում, բայց նաև կան պարտքեր կուտակած կազմակերպության հետ առևտրից հետ չկանգնող գյուղացիներ: Ասացին` կաթը կշարունակեն հանձնել մինչև պարտքերը վճարելու հերթական վերջնաժամկետը՝ հոկտեմբերի վերջ:

 

Քաղաքականություն