Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու որևէ բան չունի. Շարմազանով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու որևէ բան չունի: Այս մասինասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Սարգսյանի՝ ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով գնալ-չգնալու մասին հարցին:

 

 

«Ասում են՝ Սերժ Սարգսյանը կգնա այդ հանձնաժողով, թե ոչ: Բոլորը գիտեն՝ Սարգսյանը հանրությունից թաքցնելու որևէ բան չունի: Սակայն այլ հարց է առհասարակ այդ հանձնաժողովի ստեղծումը. կարծում եմ՝ աբսուրդ է ստեղծել մի պատերազմի համար հանձնաժողով, որտեղ դու հաղթել ես: Բոլոր նրանք, ովքեր այլ բան են մտածում այս առումով, ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ ապրիլյանի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարություններից մեկը քննության առարկա դարձնելու փոխարեն, ճիշտ կանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները քննի: Շարմազանովը նշեց, որ անհրաժեշտ է Փաշինյանին հրավիրել այդ հանձնաժողով ու պարզել նրա հայտարարությունների աղբյուրը:

 

«Երբ ժամանակին Փաշինյանը հայտարարում էր, որ ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ադրբեջանը ԵԱՏՄ մտցնելու համար և ՌԴ-ի լուռ համաձայնությամբ, որտեղի՞ց նրան այդ ինֆորմացիան: Այս ամիսների ընթացքում հանձնաժողովն ում ասես հրավիրում է, բացի Փաշինյանից, որը տվել է ամենամեծ արժեք ունեցող ինֆորմացիան»,-ասաց նա:

ՀՀԿ խոսնակը նշեց, որ ակնհայտ է՝ ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքները ֆարս են, և նրանց նպատակը մեկն է՝ ամեն ինչ անել, որ ստվեր գցեն հաղթանակի վրա:

 

 

Հիշեցնենք, որ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ նույնիսկ Սերժ Սարգսյանին է ակնկալում հրավիրել հանձնաժողով ու մերժում չստանալ։ 2019թ.–ի մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին։ Փաշինյանը հայտարարել էր, որ «հասունացել է 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը»:

Ավելի ուշ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ 2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։ Քննիչ հանձնաժողովը ղեկավարում է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:



 

Պատահարներ