Քաղաքականություն

Պետությանը պատճառված 12 մլն դրամի չափով վնասն ամբողջությամբ վերականգնվել է. ՔԿ

WRed 230 դիտում
Պետությանը պատճառված 12 մլն դրամի չափով վնասն ամբողջությամբ վերականգնվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Երևանի Տորք Անգեղ մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում կատարված առերևույթ չարաշահումների մի շարք հանգամանքներ: Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

 

Նախնական տվյալներով՝ նշված ՀՈԱԿ-ի տնօրենը, օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով և հանդիսանալով պաշտոնատար անձ, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հունվարի 3-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 14-ը կնոջը հրամանագրել է ՀՈԱԿ-ի տնտեսվարի, պարուսույցի, ապա նաև՝ գեղարվեստական մարզչի հաստիքներում, սակայն վերջինիս կողմից երբևիցե աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, իր կնիքով հաստատել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կնոջ հաճախելիության վերաբերյալ կեղծ տեղեկություններով լրացված աշխատաժամանակի, հաշվարկի տեղեկագրերը, որոնց հիման վրա յուրացման եղանակով հափշտակվել է որպես աշխատավարձ դուրս գրված խոշոր չափերի գումար:

 

Բացի այդ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին օգտագործելով, անվճար ուսուցման ծառայություններ մատուցելու փոխարեն, 2012 թվականից մինչև 2019 թվականի օգոստոսի 14-ը ՀՈԱԿ-ի տնօրենը կազմակերպել և իրականացրել է ապօրինի դրամահավաք՝ ՀՈԱԿ-ի մի շարք մարզիչների միջոցով սաներից վերցնելով ամսական վարձավճարներ: Ինչպես նաև՝  2017թ. սեպտեմբերից մինչև 2019թ. օգոստոսի 14-ը ՀՈԱԿ-ի պահակների միջոցով կազմակերպությանը պատկանող կայանա­տեղիում կազմակերպել է կանոնադրությամբ չնախատեսված ձեռնարկա­տիրական գործունեություն՝ հարակից շենքերի բնակիչներից ավտոմեքենաները նշված տարածքում կայանելու դիմաց գանձելով գումարներ:

 

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:

 

Քրեական գործով կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, հարցաքննվել մի շարք անձինք: Նախաքննության ընթացքում նշված ՀՈԱԿ-ի տնօրենը իր դիմումի համաձայն՝ ազատվել է աշխատանքից, տվել խոստովանական ցուցմունք և ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին է փոխանցել պատճառված վնասը՝ ընդհանուր՝ 12.055.000 ՀՀ դրամ գումար: 

 

Նախաքննությունը շարունակվում է:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250