Սեռական բնույթի ձայնագրություններ չհրապարակելու համար գումարներ է գանձել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներից գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 30-ամյա տղամարդուն:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը՝ ծնված 1989 թ., արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով Երևան քաղաքի բնակչուհուց պահանջել է գումար՝ պատճառելով զգալի չափերի վնաս:

Բացի այդ, նույն անձը, սեռական բնույթի ձայնագրություններն ինտերնետային կայքէջից ջնջելու կեղծ պատրվակով, խարդախությամբ փորձել է Արմավիր քաղաքի բնակչուհուց հափշտակել զգալի չափի գումար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Պարզվել է նաև, որ 30-ամյա տղամարդը 2016-2018 թթ. ընթացքում, տարբեր պատրվակներով  քաղաքացիներից հափշտակել է գումարներ՝ վերջիններիս պատճառելով խոշոր չափերի վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/, 178-րդ հոդվածի 1-ին մասով և 34-178-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Քաղաքականություն