WCIT 2019 համաժողովին մասնակցած մի քանի բանախոսներ ցանկանում են Հայաստանում ներդրում կատարել

Հայաստանում WCIT 2019՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին մասնակցած մի քանի բանախոսներ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը (ԱՏՁՄ) հաղորդագրություն են ուղարկել՝ նշելով, որ ցանկանում են երկրում ներդրում կատարել:

Այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:

 

«Համաժողովն անցել է սպասումներին համապատասխան, դեռ մի բան էլ ավելի: Բոլոր բանախոսների հետ կապի մեջ ենք, առանձին-առանձին զրուցում ենք ցանկացածի հետաքրքրությունների մասով: Որոշներն արդեն նամակներ են ուղարկել, որ ուզում են ներդրումներ կատարել Հայաստանում՝ թե՛ ընկերությունների, թե՛ վենչուրային ֆոնդերի համար»,- ասել է Եսայանը:

 

Եսայանը ներդրումներ կատարելու ցանկություն հայտնածների անունները դեռ չհնչեցրեց, սակայն նշեց, որ դիմողների քանակը 4-ից ավելի է:

Եսայանը հայկական ընկերություններին հորդորեց բարձրաձայնել համաժողովի շրջանակում ձեռք բերված համագործակցությունների մասին, թեեւ նշեց, որ որոշների մասին իրենց տեղեկացրել են հաղորդագրություններով: 

 

Նա նշել է, որ շատ արձագանքներ է ստացել Հայաստանում գրասենյակներ ունեցող արտասահմանյան ընկերություններից: Նրանցից որոշները Հայաստանում գործունեությունն ավելի մեծացնելու որոշում են ընդունել: Իսկ Սան Խոսեի պետական համալսարանում մտածում են հայաստանյան բուհերի հետ համագործակցության մասին:

 

Եսայանը շեշտեց՝ Հայաստանն այդ 3 օրերին դարձավ կենտրոն: Նրա խոսքով՝ հետազոտություն են անում, սակայն արդեն ունեն նախնական տվյալներ, որ Google-ում Հայաստան բառով որոնումներն այդ օրերին մի քանի անգամ գերազանցել են նախկինում նույն ժամանակահատվածում երբեւէ արված ամենաշատ որոնումների քանակը։

 

Հայաստանում WCIT 2019-ի անցկացման համար ծախսվել է ավելի քան 5 մլն դոլար, պետությունն աջակցել է համերգի կազմակերպման համար՝ բյուջեից հատկացնելով 450 մլն դրամ: Եսայանը նշեց, որ մեծ գումար է ներգրավվել ԱՏՁՄ-ի եւ հովանավորների միջոցով:

Քաղաքականություն