Ryanair-ը 2020-ից թռիչքներ կիրականացնի Երևանից դեպի Հռոմ, Միլան և Բեռլին

Եվրոպայի խոշոր եւ էժան ավիաընկերություններից մեկը՝ «Ryanair»-ը, 2020 թվականի հունվարից Երեւանից թռիչքներ կիրականացնի դեպի Հռոմ եւ Միլան, իսկ ամռանը՝ դեպի Բեռլին: Առաջին անգամ թռիչքներ կիրականացվեն նաեւ Գյումրիից դեպի Եվրոպա: 

 

«Ryanair»-ը կապահովի չվերթ Գյումրիից դեպի Մյունխեն: Այս մասին այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ryanair» ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը:

 

Նա նկատեց, որ այն 130 հազար ուղեւորները, որոնց կփոխադրի ընկերությունը, կնպաստեն նաեւ աշխատատեղերի բացմանը օդանավակայանում: «Եթե համեմատեք մեր սակագները բարձրարժեք ավիաընկերության սակագների հետ, այս 130 հազար ուղեւորները 20 միլիոն եվրո խնայողություն կանեն»,- ասաց ընկերության կոմերցիոն ղեկավարը:  

 

Դեյվիդ Օ՛Բրայանը հակիրճ ներկայացրեց Ryanair ընկերությունը՝ շեշտելով, որ այն ունի ամենամեծ ցանցը Եվրոպայում: Այս տարի ընկերությունը սպասարկելու է 150 միլիոն հաճախորդի, իսկ մյուս տարվա ընթացքում դրանց քանակն ավելացվելու է մինչեւ 200 միլիոն: Ryanair-ը բաղկացած է չորս ավիաընկերություններից:

 

Ryanair-ն ունի 500 ինքնաթիռ, չվերթներ է իրականացնում 2000-ից ավելի ուղղություններով: Ըստ տնօրենի՝ իրենց հաջողության գաղտնիքը շատ պարզ է. արդյունավետ ծառայություններ են առաջարկում մարդկանց ժամանակակից ինքնաթիռներով: Այնպիսի ցածր գներով, որոնց հետ ուրիշներն ունակ չեն մրցել:

Քաղաքականություն