Forbes–ի անդրադարձը Հայաստանի և հայերի հյուրընկալության մասին

«Անդրկովկասյան արահետի» հայկական հատվածը խիստ տպավորել է ամերիկյան հեղինակավոր պարբերականի հեղինակներից մեկին։ Forbes  հեղինակավոր պարբերականը հոդված է նվիրել «Անդրկովկասյան արահետ» զբոսաշրջային երթուղուն, որը կոչված է ցույց տալու Հայաստանի և Վրաստանի գեղեցկությունը։

 

«Դեպի Հայաստանի նոր անդրկովկասյան արահետ արշավ իրականացնելը հիանալի միջոց է հայկական մշակույթի մեջ ընկղմվելու»,–հենց այսպես է կին ճանապարհորդ Բրիաննա Ուլսոնը վերնագրել իր հոդվածը։«Ամեն օր չէ, որ Time–ը (ամերիկյան ամսագիր,–խմբ.) արշավային արահետը ներառում է «Աշխարհի 100 ամենագեղեցիկ վայրերի» հեղինակավոր ցանկում։ Ըստ էության, սա առաջին անգամ է։ Եվ սա դեռ սկիզբն է այն փառքի, որը կունենա այս երթուղին...»,–գրում է հոդվածի հեղինակը։

 

«Անդրկովկասյան արահետի» երկարությունն ավելի քան 1800 մղոն է։  Այն միացնում է Հայաստանի, Վաստանի, ինչպես նաև Ադրբեջանի որոշ ամենագեղեցիկ շրջանները:

 

«Ու թեև սրանք ամենաանհավանական լանդշաֆտներն են, որոնք ձեզ հաջողվել է տեսնել կյանքում, միայն նրանք չեն, որ արահետն այդքան յուրահատուկ են դարձնում։ Այս արշավի բացառիկությունը տեղացիների հյուրընկալությունն է»,–նշում է Բրիաննան։


Նրա ուղևորությունը սկսվել է Երևանից, այնուհետև` Սևանա լճից։  Դրանից հետո արահետն անցել է Կալավանի, Խաչարձանի, Գոշի, Դիլիջանի ազգային պարկի, Հաղարծինի գեղատեսիլ վայրերով, իսկ այնտեղից` դեպի Հաղպատի և Սանահինի վանքեր։

 

«Յուրաքանչյուր անկյուն բացարձակ անկրկնելի մի բան է առաջարկում»,–գրում է նա։

 

Աղջիկը հիացմունքով պատմում է ինչպես Գոշում գտնվող խանութ–հյուրանոցի մասին, այնպես էլ Խաչարձանի և Դիլիջանի հյուրատների` նշելով տերերի հյուրընկալության մասին։

 

Ինչ վերաբերում է սննդին, ապա ճանապարհորդուհին նշում է, որ հայկական խոհանոցն աշխարհում լավագույներից մեկն է։

«Ամեն սեղանին անպայման պետք է թարմ կանաչիով ափսե լինի դրված, կողքին` թարմ լավաշ, տնական պանիր և թթու... Իսկ ճաշկերույթը պարտադիր ավարտվում է տնական փախլավայով», – պատմում է հոդվածի հեղինակը։

Վերջում Բրիաննան պատմում է, թե ինչ պետք է հագնել այս գեղատեսիլ երթուղով ճանապարհորդելիս:

 

Քաղաքականություն