ՏՏ ոլորտի ընկերություններ տեղափոխվում են Հայաստան . Ավինյան

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի նման միջոառումները Հայաստանում պետք է լինեն շարունակական: 

 

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

 

«ՏՏ ոլորտում հնարավորություններն անսահմանափակ են եւ դրանք անսահմանափակ են ինչպես Հայաստանում, այնպես էլ յուրաքանչյուր երկրում:

Ես համոզված եմ, որ արտասահմանում ՏՏ ոլորտի շատ ներկայացուցիչներ կարող են հետաքրքրված լինել ներդրումներ անել Հայաստանում:

 

Այնուամենայնիվ կարող եմ ասել, թե որը պետք է լինի մեր տնային աշխատանքը, որ ոլորտը զարգանա: Առաջին հերթին դա կրթական համակարգում խորքային բարեփոխումներն են: Մենք այս տարի հավելյալ ֆինանսավորում ենք հատկացրել դպրոցներում ինժեներական լաբորատորիաների հիմնմանն համար, եւ այս տարվա ավարտին դպրոցների 5 տոկոսում դրանք լինելու են:

 

Շատ մեծ ներդրում ենք անում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, եւ կառավարության վերջին նիստին 994 մլն դրամ դրան է ուղղվել: Մենք մեր տնային աշխատանքը ճիշտ ու գրագետ իրականացնում ենք»,-ասել է Ավինյանը:

 

Նա ընդգծել է, որ Հայաստանում հեղափոխությունը կապված էր ապակենտրոնացման հետ. «Ապակենտրոնացման ուժը հենց դա էր, որ այն գրեթե անվերահսկելի էր, իսկ եթե խոսում ենք բլոկչեյնի մասին, կարող ենք ասել, որ այն վերահսկվում է բոլորի կողմից: Նույնը նաեւ հեղափոխության մասին կարող ենք ասել»:

 

Ինչ վերաբերում է ՏՏ ոլորտում ներդրումներին, փոխվարչապետն ասել է, որ  կան տարատեսակ ծրագրեր, որոնք իրականացվում են պետության աջակցությամբ. «Այս պահին կարող եմ նշել «Ինժեներական քաղաքի» նախագիծը, որն իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համատեղ: Դա թույլ կտա ինժեներական տարբեր կազմակերպությունների միավորվել մեկ վայրում: Մենք ունենք նաեւ տարբեր ուղղություններով ծրագրեր: Մենք տարեցտարի այդ բյուջեները ավելացնում ենք»:

 

Ավինյանն ասել է, որ ՏՏ ոլորտը շատ արագ տեմպերով զարգանում է. «Արագացված տեմպերով աճեր ունենք, տարբեր երկրներից, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ կարող են տեղափոխվել Հայաստան , իրենց գրասենյակները տեղափոխում են Երեւան եւ իրականացնում իրենց աշխատանքները: Մեր խնդիրնէ  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում սահմանենք նոր նշաձող, ստեղծենք նոր արտադրատեսակներ, որոնք իրապես հնարավորություն կստեղծեն փոխել ոչ միայն ոլորտը, այլ մեր առօրյա կյանքը»:

 

Քաղաքականություն