Պահեստազորայինների պլանային վարժական հավաքներ կանցկացվեն. որոշումն ընդունված է
Կառավարությունը որոշեց հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների 40 օր ժամկետով վարժական հավաքներ` 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այս վարժանքների անցկացումն ընթացիկ զորավարժության հետ կապ ունի՞:
Դավիթ Տոնոյանը պարզաբանեց, որ նախկինում նախարարի որոշումներով էր իրականացվում վարժանքները, սակայն Սահմանադրության և օրենսդրության փոփոխություններով պայմանավորված՝ այս տարի բոլոր վարժանքները իրականացնում են կառավարության որոշմամբ:
«Բայց դա ունի լավ կողմ, որ հրապարակային է գործընթացը և թափանցիկ», - ասաց նախարարը:
Վարչապետը հորդորեց ներկայացնել հանրությանը, որ սրանք, ըստ էության, պլանային իրադարձություններ են:
«Այո´, մենք ասել ենք, որ այն զորավարժությունները, որ իրականացվում են, բազմաթիվ ծրագրեր աննախադեպ ծավալի են, բայց դա որևէ կերպ կապված չէ արտաքին կոնյունկտուրայի հետ, այլ որոշակի գործելաոճի և աշխատանքի ծավալների փոփոխության հետ: Այն իրավիճակում, որ գիտենք բոլորս, բան չի փոխվել, և հանրությունը սա հստակ պետք է իմանա»,- ասաց Փաշինյանը: