Վերին Լարսի անցակետում հերթը չի պակասում. Դալլաքյան

Եթե Լարսի անցակետում 10 օր առաջ մեքենաների հերթը 30 կմ էր, ապա հիմա  այն հասնում է 50 կմ-ի, սակայն խնդիրը քաղաքականացնելն անհարգելի ու անհասկանալի է։ Այս մասին Ազգային ժողովում ելույթով հանդես եկավ ԲՀԿ խմբակցության անդամ Արթուր Դալլաքյանը` արձագանքելով «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին։

 

Նշենք, որ Բաբաջանյանն ասել էր, որ հայ վարորդներից շատերի պնդմամբ` ռուս վարորդները կաշառք են պահանջում ուղեբեռը կշռելու և սահմանը հատելու թույլտվության դիմաց։ Բացի այդ, ըստ Բաբաջանյանի, Լարսում նման խնդիր է ստեղծվում քաղաքական նպատակներով` ՀՀ–ին ուղղակի կամ անուղղակի ճնշելու համար։

 

«Լարսում, այո, խնդիր ունենք, ավելին, այդ խնդիրն օրեցօր ավելանում է։ Այսօր 50 կիլոմետրանոց հերթեր ունենք ու գնալով ավելանալու են հերթերը։ Սակայն ինձ համար անհասկանալի է խնդրի քաղաքականացումը»,–ասել է Դալլաքյանը։

 

Նրա խոսքով` Լարսում մեքենաների կուտակումը տեխնիկական խնդիր է։ Դալլաքյանը նշեց, որ երբ ասում են, թե ռուս սահմանապահները կաշառք են վերցնում, նման հայտարությունն անցակետում լուրջ ազդեցություն է թողնում։

 

«ՌԴ–ն մեր մարտավարական ընկերն է, ինչ է նշանակում` կաշառք տալ, էս անել, էն անել։ Մեր վարորդները լուրջ խնդիրներ են ունենում  նման սուտ հայտարարություններից։ Խնդիրը տեխնիկական է, որը լուծելի է»,–ասել է նա։

 

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Վերին Լարս» անցակետի բեռնատարների հերթը ռուսական Պյատիգորսկ քաղաք է հասել։ Ահազանգող վարորդները բողոքում են, որ արդեն 10 օր է` իրենց հերթին են սպասում ու ամեն օր ստիպված են 500 ռուբլի վճարել կայանատեղի համար։

ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ անցակետի ռուսական հատվածում դեպի Վրաստան մեկնող բեռնատարների կուտակման պատճառը կրում է տեխնիկական բնույթ։ Մասնավորապես, որոշ բեռնափոխադրողները մեքենաների ծանրաբեռնվածության և թույլատրելի նորմերի գերազանցման պատճառով առաջացրել են հավելյալ ձևակերպումների իրականացման անհրաժեշտություն, ինչը երկարաձգում է սահմանահատման ընթացքը



 

Քաղաքականություն