Սեպտեմբերի 21-ին սպասվում է քամու ուժգնացում․ զգուշացնում է Սուրենյանը

Գագիկ Սուրենյանը անկախության տոնի միջոցառումների կազմակերպիչներին զգուշացնում է։

 

ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներին, նշել է․ 

 

«Անկախության տոնի միջոցառումների հարգելի կազմակերպիչներ, հաշվի կառնեք, որ սեպտեմբերի 21-ին կեսօրից հետո և հատկապես երեկոյան ժամերին հանրապետությունում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 20-25մ/վրկ-ում»,- գրել է Գագիկ Սուրենյանը։ 

 

Նշենք, որ ՀՀ անկախության տոնի կարևորագույն միջոցառումները այս տարի անցկացվելու են Գյումրիում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ներկա է լինելու այդ միջոցառումներին։ 

 

Ի դեպ՝ անկախության 28-ամյակի օրը Գյումրի գնալ ցանկացողների համար Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ 4 գնացք կաշխատի: Գնացքները Երևանից շարժվելու են ժամը 07:55-ին, 9:15-ին, 9:55-ին և 12:00-ին, և հետ են վերադառնալու ժամը 20:25-ին, 21:40-ին, 22:40-ին և 24:00-ին։

 

Միջոցառումների կազմակերպման և անցկացման համար պետական բյուջեից շուրջ 220 մլն դրամ է հատկացվել: Սեպտեմբերի 21-ի անկախության տոնին նվիրված հիմնական միջոցառումները Գյումրու կենտրոնական զբոսայգում մեկնարկելու են ժամը 11:00-ին: