Կազինոյում տունը պարտվել են, պետությունը նրանց պետք է ապահովի բնակարանո՞վ. Փաշինյանը՝ Գյումրիի տնակների մասին

Օրինակ մարդը գնացել է կազինոյում խաղացել է, իր տունն ու ունեցվածքը պարտվել է, եւ հիմա ապրում  է վարձով կամ տուն չունի, հիմա դա նշանակում է, որ պետությունն իրեն բնակարանով պիտի ապահովի՞։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք աղետի գոտում տնակում բնակվող ընտանիքների մասով պարտավորությունները արձանագրվել է։

 

«Եկեք մի բան արձանագրենք, որ այս պահի դրությամբ արձանագրված պետական պարտավորություն գոյություն ունի 457 այդքան ընտանիքների նկատմամբ։ Ընդ որում, նրանք բոլորը դուրս են գտնվում Գյումրիից, նրանց Լոռու, Արագածոտնի, Շիրակի մարզերի գյուղական համայնքների բնակիչներ են։ Հիմա մենք այս փաստի հետ բախվելուց հետո ասում ենք, որ պետք է հասկանանք, թե այդ տնակներում ապրող մարդիկ ինչու են ապրում տնակներում, կամ այդ տնակներն ինչ կարգավիճակ ունեն։ Կան տնակներ, որոնք դատարկ են։ Բավականին մեծ թվով տնակներ ուղղակի դատարկ են։ Կան տնակներ, որտեղ մարդիկ պետությունից ստացել են բնակարան, հետո ինչ-ինչ պատճառով վաճառել են այդ բնակարանը, եւ վերադարձել են այդ տնակում ապրելու։ Կան մարդիկ, անշուշտ, որոնց նկատմամբ պետության պարտավորությունը պետք է արձանագրվել եւ չի  արձանագրվել, մենք այդ դեպքերն էլ կգտնենք, եւ կարձանագրենք, թե պետությունը ում նկատմամբ ինչ պարտավորություն ունի»,- ասաց վարչապետը եւ ընդգծեց, որ իրենք Գյումրին տնակներից պիտի ազատեն, որովհետեւ դա խոչընդոտում է քաղաքի տնտեսական զարգացմանը։

 

Վարչապետը նշեց, որ կան նաեւ մարդիկ, ովքեր Գյումրու հարակից գյուղում ունեն տուն, բայց նախընտրում են Գյումրիում ապրել՝ տնակի մեջ. «Ինքնին տնակում ապրելու փաստը չի նշանակում, որ պետությունն այդ մարդու նկատմամբ ունի պարտավորություն։ 

 

Հնարավոր է, որ մի մասին նկատմամբ ունենա պարտավորություն, մի մասի նկատմամբ ինչ-ինչ պատճառներով պարտավորությունը չի արձանագվել, կարձանագրվի եւ պետությունը կկատարի։  Երբ մենք կունենանք այդ քարտեզագրումը, ամեն տնակի անհատական պատմությունը, դրանից հետո որոշում կկայացվի, թե ի՞նչ կերպ վարվել։ 

 

Այդտեղ հեշտ որոշումներ կարող է նաեւ չլինել, կարող են լինել որոշումներ, որոնք ոչ բոլորին դուր գան։ Օրինակ, մարդը գնացել է կազինոյում խաղացել է ուրիշ քաղաքում, եւ իր տունն ու ունեցվածքը պարտվել է, եւ հիմա ապրում  է վարձով կամ տուն չունի, հիմա դա նշանակում է, որ պետությունն իրեն բնակարանով պիտի ապահովի՞։ Ամեն մարդ իր սեփական ճակատագրի պատասխանատուն է, ես ասում եմ, որ իրավական պետությունը նաեւ այն է, որ յուրաքանչյուր մարդ հասկանում է, որ ինքն իր կայացրած որոշումների համար կկրի պատասխանատվություն»։

 

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկայում Կառավարությունը նախատեսում է սկսել սոցիալական բնակարանաշինության ծրագիր, որտեղ բնակարանները կլինեն շուկայականից ավելի ցածր գներով՝ սոցիալապես անպաշտպանների համար. 

 

«Հիմա որ մեր բյուջեի գործերը այնքան լավ գնան, ինչքան այս տարի են լավ գնում, մենք մտածում ենք սկսել սոցիալական բնակարանաշինություն, որտեղ օրինակ շուկայականից ավելի ցածր գներով սոցիալապես անպաշտպաններին՝ որոշակի ժամկետով տրվի, որպեսզի իրենք իրենց կյանքը դասավորելու հնարավորություն ունենան։ Եվ մյուս կողմից երբ մենք կրթությունն ու աշխատանքը քաջալերում ենք, մեր ամբողջ նպատակը դա է։ Երբ մենք, օրինակ, ասում ենք Հայաստանում զբոսաշրջիկները օգոստոսի դրությամբ 200 միլիոն դոլարով ավելի գումար են ծախսել, իսկ այդ գումարն ո՞ւմ է գնացել, այդ գումարը գնացել է այն մարդկանց, ովքեր աշխատում են, մի փոքր բիզնես են դրել, մտածել են այդ բիզնեսի վրա։ Այդ 200 միլիոն դոլարը հաստատ չի գնացել այն մարդկանց, ովքեր բազմոցին պառկած են։ Մենք մեր քաղաքացիներին ուզում ենք օգնել, որպեսզի նրանք վեր կենան, իրենց մեջքը ուղղեն եւ իրենց աշխատանքով իրենց բարեկեցությունն ապահովեն»։