
Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, իսկ ուրանի հարստացումը Թեհրանի համար կարող է «շատ, շատ վտանգավոր» լինել:
«Մենք չենք կարող Թեհրանին թույլ տալ միջուկային զենք ունենալ: Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենալու: Եթե նրանք (իրանցիները) մտածում են ուրանի հարստացման մասին, ապա կարող են մոռանալ այդ մասին»,- ԱՄՆ նախագահին մեջբերել է RT-ն:
Թրամփը նաև նշել է, որ Իրանը մեծ ֆինանսական խնդիրներ ունի, ինչը կապված է ամերիկյան պատժամիջոցների խստացման հետ:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Իրանն ու միջազգային «միջնորդ վեցյակը»՝ Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, հասել էին իրանական միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնության: Ընդունվել էր Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, որի դրույթներին հետևելն ազատել էր Իրանին իր նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի, Եվրամիության ու ԱՄՆ-ի սահմանած տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներից:
Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս համաձայնագրից, ինչպես նաև հայտնել էր, որ ԱՄՆ-ն վերականգնում է Իրանի նկատմամբ սահմանած բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ այն երկրների, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:
«Հնգյակն» ու Թեհրանը պայմանավորվել են մշակել ֆինանսական մեխանիզմ՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելով հաշվարկներ իրականացնելու համար: