ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ չի կարող կալանք կիրառվել. Արամ Վարդևանյան

Սահմանադրական դատարանի որոշումը նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ չի կարող կալանք կիրառվել: Այս մասին Սահմանադրական դատարանի բակում Tert.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

Դիտարկմանը, թե, այսինքն` Ռոբերտ Քոչարյանը պետք է ազա՞տ արձակվի կալանքից, Վարդևանյանն ասաց.«Այո՛: Բոլոր այն մարդիկ, ովքեր խնդիր են տեսնում այս եզրափակիչ մասի հետ, ես կխնդրեի նայել Քրեական դատավարության 35-րդ հոդվածը: 

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հրապարակեց «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցի առնչությամբ կայացրած որոշումը: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրապարակեց ՍԴ որոշման եզրափակիչ մասը. «Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրութան ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

Որոշման երկրորդ կետի համաձայն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ Բացի այդ, ՍԴ դատավորներ Ֆելիքս Թոխյանը և Արման Դիլանյանը ունեն հատուկ կարծիքներ, որոնք կհրապարակվեն առաջիկայում։ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Փաստաթուղթը պետք է հրապարակվի եռօրյա ժամկետում։

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որը ճանաչվեց հակասահմանադրական, սահմանում է՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները, իսկ Քրեական դատավարության 135-րդ հոդվածի 2-րդ մասը, որը համապատասխանում է Սահմանադրությանը, սահմանում է՝ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն:

 

 Տեսանյութը ՝ Tert.am-ի։