Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին
Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործը Վերաքննիչ դատարանի որոշումից երկու ամիս անց մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունից: Նշենք, որ Աննա Դանիբեկյանն այն դատավորն է, որը քննել է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը և արձանագրել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախատումը։
Հիշեցնենք, որ հունիսի 20–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։ 5 օր անց Դանիելյանը որոշեց կալանավորել Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության։
Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Այս գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։ Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ, որպես փախանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։