2 շատ արագ հարց ՔՊ վարչության հարգարժան ընկերներին. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2 շատ արագ հարց ՔՊ վարչության այն հարգարժան ընկերներին, ովքեր պնդում են, որ Լիդիանի առաջ կանաչ լույս վառելով` իշխանությունն ընդամենը իր իսկ հայտարարության տրամաբանությունն է ի կատար ածում (վարչապետի հուլիսի 6-ի խոսքի ուղիղ մեջբերումը` նկարում):

 

1) Արդյոք կազմակերպությունը, որն ընտրվել էր նախորդ տարվա աշնանը, համապատասխանում է «անառարկելի հեղինակություն ունեցող» սահմանամանը, էլ չենք խոսում նրա մասին, թե արդյոք այն միջազգային է, թե պարզապես օտարերկրյա:

 

2) Արդյոք դուք բոլորդ կարդացել եք այդ եզրակացությունը (այլ ոչ թե հիմնվել այլոց` հիմնականում չկարդացածների պնդումների վրա) եւ համոզվել, որ «Սեւանի համար, Ջերմուկի ջրերի ու ջրահավաք ավազանի համար» հանքի շահագործումն անվտանգ է:

 

Եվ մեկ բոնուսային հարց, որը երկրորդի լրացումն է: Դուք ասում եք, որ մենք մասնագետ չենք, հետեւաբար հիմնվում ենք Քննչական կոմիտեի այն որոշման վրա, որ ««Լիդիան Արմենիա» ընկերության կողմից շրջակա միջավայրն աղտոտելու վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու հանգամանքի մասին տվյալներ ձեռք չեն բերվել, քրեական գործ հարուցելու հիմքեր չկան», հետեւաբար եթե այդ հիմքերը չկան, ապա այդտեղից բխում է, որ հանքի շահագործումը անվտանգ է, վտանգներն էլ` կառավարելի (մի փոքր պարզեցված եմ ներկայացնում):

 

Նույնիսկ այս պահին չեմ ուզում քննարկել` արդյոք քննիչը կամ քննիչների խումբը «Էլարդ»-ի եզրակացությունը կարդացել եւ ճիշտ են հասկացել կամ արդյոք նրանք են այդ «մասնագետները», ում մեկնաբանությանը մենք անվերապահ պետք է վստահենք այս անչափ կարեւոր հարցում քաղաքական որոշում կայացնելիս: Հարցն այստեղ լրիվ այլ է. արդյո՞ք այն փաստը, որ «Լիդիան»-ի գործողություններում հանցակազմ չկա, ավտոմատ նշանակում է, որ հանքը կարելի է շահագործել եւ հագիստ լինել հետեւանքների համար:

 

Նույն տրամաբանությամբ միթե Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը, որի օրինակը վերջին օրերին հաճախ են սիրում բերել մեր որոշ գործընկերներ, քրեական օրենսգրքով սահմանված որեւէ հանցանք է գործում` այսքան տասնամյակ շահագործելով հանքը եւ մի՞թե հանցանք չգործելով պակաս ավերածություններ է գործում կամ վնաս հասցնում շրջակա միջավայրին:

 

Առայժմ այսքանը»։

Քաղաքականություն