Ոստիկաններին տեսնելով, խումբը դիմել է փախուստի. մեկ անձ ձերբակալվել է
Ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել է 34-ամյա տղամարդ։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Բյուրեղավան քաղաքի 34-ամյա բնակչի կողմից ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վերջինս ձերբակալվել է:
Նախնական տվյալներով` 2019թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Երկաթուղայինների 1-ին հասցեում հավաքված մի խումբ անձինք, նկատելով, որ իրենց է մոտենում ծառայություն իրականացնող օպերատիվ խումբը, դիմել են փախուստի, որի ընթացքում նրանցից մեկը գոտկատեղից դուրս է բերել և գետին նետել ատրճանակին նմանվող առարկա:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում պարզվել է ատրճանակը գետնին նետած տղամարդու ինքնությունը, ով Բյուրեղավան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1985 թվականին: Վերջինս ձերբակալվել է:
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ առգրավվել են թվով երկու հատ ատրճանակին նմանվող առարկաներ՝ լիցքավորված 9մմ տրամաչափի, համապատասխանաբար, 8 և 7 փամփուշտներով, ինչպես նաև «Magnum» գրառմամբ գաղտնի փականով դանակ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Կատարվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ դեպքի վայրից ակոսափող հրազեն հանդիսացող «ПМ» տեսակի առանց գործարանային համարի ատրճանակների, ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի, համապատասխանաբար, 7 և 8 մարտական փամփուշտները իրացրած, դրանք ապօրինի ձեռք բերած և կրած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: