Դաժան սպանության «պատվիրատուն» համաներմամբ է ազատ արձակվել. մանրամասներ՝ աղմկոտ սպանության գործից
2018 թ.-ի մարտի 8-ին Շիրակի մարզում տեղի ունեցած դաժան սպանությունը պատվիրելու համար հետախուզվող 45-ամյա Ռուբեն Սարգսյանին, որն առավել հայտնի է «Ուդի» մականվամբ, մինչ օրս իրավապահները չեն հայտնաբերել։ Փոխարենը սպանության գործով կալանքի տակ են Շաք մականունով հայտնի Սարգիս Ֆարմանյանը և Նարե Ներսիսյանը։
2018 թ.-ի մարտի 8-ին Շիրակի մարզի Ազատան գյուղից դեպի Արևիկ գյուղ տանող ճանապարհին հայտնաբերվել էր Սպիտակ քաղաքի բնակիչ Էդգար Գյուլազյանի դին։ Դատաբժիշկները պարզել էին, որ նրա մահը վրա է հասել արտածին նյութով սուր թունավորումից: Ըստ քննչական վարկածի՝ նրան սպանել են մեծ չափաբաժնով թմրանյութ ներարկելու ու թմրանյութային գերդոզավորում ձևացնելու եղանակով։ Ըստ գործի նյութերի՝ սպանությունը պատվիրել է Ռուբեն Սարգսյանը, կատարել՝ Նարե Ներսիսյանը, իսկ վերջինիս այդ հարցում օժանդակել է Շաք մականվամբ հայտնի Սարգիս Ֆարմանյանը։
Նշենք, որ դեռևս 2017թ. օգսոստոսի 16–ին Ռուբեն Սարգսյանը դատապարտվել էր 3 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման՝ Էդգար Գյուլազյանի առևանգումը կազմակերպելու համար, սակայն մեկ տարի անց՝ 2018 թ. նոյեմբերի 12–ին, համաներման հիմքով ազատվել է պատժի կրումից:
Ըստ նախաքննության տվյալների՝ առևանգման դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործով տուժողից վրեժխնդիր լինելու շարժառիթով Սարգսյանը պատվիրել է Գյուլազյանի սպանությունը։
Նշենք, որ սպանության դեպքը բացահայտվել է մեկ տարի անց՝ մեկ այլ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործի շրջանակներում։
Սպանության գործով մեղադրյալներ Նարե Ներսիսյանը և Սարգիս Ֆարմանյանը իրենց մեղավոր չեն ճանաչում։
Սարգիս Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել 2019թ. մարտի 4–ին ՀՀ Քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (պատվերով սպանությանն օժանդակելը):
Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երակարացվել է երեք անգամ։
NEWS.am–ի հետ զրույցում Ֆարմանյանի պաշտպան Լիաննա Բալյանը հայտնեց, որ
մինչ օրս նախաքննական մարմինը չի վերացրել իր պաշտպանյալի տեսակցության արգելքը:
Սարգիս Ֆարմանյանն ամուսնացած է և խնամքին ունի երկու անչափահաս երեխա։ Բալյանը հայտնեց, որ իր պաշտպանյալն ունի անբուժելի հիվանդություն և այդ հիմքով ազատվել է Զինված ուժերում ծառայելուց. տառապում է Երևանյան հիվանդությամբ, հաճախակի ունենում է ցնցումներ, ունի լյարդի, լեղապարկի և երիկամի հիվանդություն:
Անդրադառնալով իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքին, Լիաննա Բալյանն ասաց, որ քրեական գործը կառուցված է անհիմն կասկածի և ենթադրությունների հիման վրա։
«Մեկ տարի չբացահայտված գործը թմրամոլությամբ տառապող ոմն անձի ցուցմունքով իբր բացահայտվեց։ Իմ պաշտպանյալին հեռուստացույցով և սոցիալական կայքերով ցույց տվեցին, հայտարարեցին մարդասպան, հրապարակելով բոլոր անձնական տվյալները՝ խախտելով անմեղության կանխավարկածը և սա այն դեպքում, որ Ուդի մականունով անձը հետախուզման մեջ է, և հայտնաբերված չէ, գործով չկան ապացույցներ, բացի թմրամոլի անհիմն վարկածի»,- ասաց փաստաբանը։
Լիանա Բալյանի խոսքով՝ քրեական գործի քննության հինգ ամիսների ընթացքում իր պաշտպանյալի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Միհրան Պողոսյանին չի հանձնի Հայաստանին.Դատախազություն
ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է Միհրան Պողոսյանին ՀՀ-ին հանձնելու ՀՀ դատախազության միջնորդությունը։Այս մասին ֆեյսբու...
Կոկորդիլոսի խաշլամա, շնաձկան տոլմա․ Փաշինյանի դստեր ծնունդը՝ Բահամներու՞մ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Յուրօրինակ հարսանեկան արարողություն՝ հրշեջ մեքենաներով
Երևանի Ջրվեժ թաղամասում այսօր տեղի է ունեցել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներ 24-ամյա Սամվել...
Երեխա, որը խոչընդոտում է ազատ լրատվամիջոցի աշխատանքը․ Փաշինյանը՝ դստեր մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել դստեր՝ Արփիի ծննդյան միջոցառումից՝ կից գրելով․«Ի...