«Տաք-տաք պիցցա» օպերացիա. Ծաղկաձորի ճոպանուղու տնօրենի մեքենայից ատրճանակ է հայտաբերվել

Երեկ` օգոստոսի 14-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ոստիկանության Հրազդանի, Չարենցավանի բաժինների, Գառնիի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով ու համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնի փորձառու քննիչների հետ, Կոտայքի մարզում իրականացրել են «Տաք-տաք պիցցա» օպերացիան։ Այս մասին հայտնում էShamshyan.com-ը:

 

Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Աբովյան քաղաքի բնակիչ, 38-ամյա Աշոտ Կարապետյանն իր կողմից շահագործվող BMW X5 մակնիշի 81 ՍC 008 համարանիշի ավտոմեքենայի մեջ զենք է պահում։ Կոտայքի մարզի ոստիկաններն Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում՝ «Տաշիր պիցցա»-ի մոտ, նկատել են կասկածյալ Ա. Կարապետյանին, ով պիցցերիայում սնվելուց հետո BMW X5-ով անցել է դիմացի մայթ, ավտոմեքենան կայանել և մտել գեղեցկության սրահ:

 

Ա. Կարապետյանին, ով ոստիկաններին ներկայացել է որպես Ծաղկաձորի ճոպանուղու տնօրեն, իրեն մոտեցած ոստիկաններին փորձել է տարհամոզել մեքենայի զննության հարցում:

Գործողությունը տևել է գրեթե 10 ժամ, քանի որ քննիչը դիմել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը խուզարկություն կատարելու թույլտվության որոշում տա։ Կեսգիշերն անց դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունն, ու Ա. Կարապետյանն իր փաստաբանի ներկայությամբ մատնացույց է արել ավտոմեքենայի այն տեղը, որտեղ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով։

 

Կարապետյանը քննիչներին հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իր հանգուցյալ եղբորը։ Քննիչի որոշմամբ՝ ատրճանակը, որն առանց գործարանային արտադրության համարի է, տեղում փաթեթավորվել է, կնքվել և ուղարկվել ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Քաղաքականություն