Հոնկոնգի ակցիաների ժամանակ տուժել է 171 ոստիկան
Հոնկոնգի ոստիկանությունը պատմել է նոր ցույցերի արդյունքում տուժածների մասին:
Նշվում է, որ բախումների հետևանքով տուժել է 171 իրավապահ: Ակցիաների ընթացքում բախումներ հրահրել են հենց ցուցարարները: Բացի դրանից՝ նրանք զենք են կիրառել՝ վնասվածքներ հասցնելով իրավապահներին:
Նշենք, որ Հոնկոնգի օդանավակայանը վերսկսել է իր նորմալ գործունեությունը այն բանից հետո, երբ ոստիկանությունը արցունքաբեր գազով ցրել է օդանավակայանում 2 օր ցույց անող ակտիվիստներին: Հոնկոնգի դատարանը հրաման է տվել օդանավակայանի տերմինալներից հանել ցուցարարներին: Նրանք այժմ ցույցը կարող են շարունակել միայն մեկնումների սրահում հատուկ նախատեսված վայրերում:
Հոնկոնգի օդանավակայանը աշխարհում ամենազբաղված օդանավակայաններից մեկն է, և վերջին երկու օրերին այնտեղ նստացույցի պատճառով ավելի քան 300 թռիչք էր չեղարկվել:
Հոնկոնգում 11 շաբաթ առաջ սկսված ցույցերն ուղղված էին արտահանձնման վերաբերյալ օրենքում նախատեսվող փոփոխությունների դեմ: Համաձայն նոր օրինագծի՝ տարբեր հանցագործություններում մեղադրվող մարդիկ Հոնկոնգից կարող են արտահանձնվել Չինաստանին:
Չնայած ցույցերի առաջին շաբաթների ընթացքում կառավարությունը հետաձգել է արտահանձնման մասին օրինագծի քննարկումերը, սակայն ցուցարարները պահանջում են լիովին մերժել այն: Ավելին, ցույցերի ընթացքում նոր պահանջներ են առաջ քաշվել՝ ժողովրդավարական բարեփոխումներ կատարել, պաշտոնից հեռացնել Հոնկոնգի ղեկավարին և հետաքննել ոստիկանության կողմից ուժի գործածման դեպքերը: