Իջևանի խնդիրը ավելին է, քան անտառի պահպանությունը. Արման Բաբաջանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իջևանում կրքերը հանդարտվել են ժամանակավորապես։ Իջևանի խնդիրը չի լուծվել, և այս պահին չեն երևում դրա լուծման տեսանելի ու արդյունավետ տարբերակներ։ Կողմերը ներկայացնում են իրարամերժ ու փոխբացառելի պահանջներ, ինչը իրավիճակը դարձնում է փակուղային։
Իջևանի խնդիրը միայն առաջին հայացքից ու մակերեսային ընկալմամբ է կապված ծառահատումների կամ անտառի հետ։ Իրականում Իջևանում բախվում են հին և նոր Հայաստանները. մի կողմից՝ հին արատավոր համակարգին, ապօրինությանը սովորեցված քաղաքացիները, մյուս կողմից՝ պետությունը՝ օրինականության պահանջով։
Իջևանի իրավիճակի հանգուցալուծումը նշանային է լինելու, քանի որ դա ըստ էության պետության, պետականության փորձաքարն է, որտեղ իրավականությունն ու օրինականությունը հանդես են գալիս հանցավորության դեմ։ Իջևանում պետության, պետականության պարտությունը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ ոչ միայն ու գուցե ոչ այնքան իշխանության, որքան հենց պետության համար։
Հայաստանում ավելի քան երկու տասնամյակ գործել է, պետական կառավարման համակարգին զուգահեռ, այլընտրանքային համակարգ, որը հիմնված է եղել ապօրինության, հանցավորության վրա։ Այդ համակարգը գործել է հանրային կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում՝ պետական կառավարման համակարգից մինչև դպրոցներ, ուժային կառույցներից մինչև տեղական ինքնակառավարման մարմիններ։
Այդ համակարգի հիմքում ընկած է եղել իշխանության վերարտադրության դիմաց անօրինականություններ կատարելու ինդուլգենցիաների սկզբունքը, ինչի ականատեսն ենք մենք Իջևանում։
Քաղաքացիները պայքարում են ապօրինություն գործելու իրենց ինդուլգենցիայի համար, որը ստացել են նախկին իշխանությունից։
Նոր իշխանության խնդիրն, այսպիսով, քաղցկեղի նման ամենուր տարածված այդ զուգահեռ, այլընտրանքային համակարգի կազմաքանդումն է, որը բազմաշերտ ու բազմագործոն գործընթաց է և չի կարող իրականացվել միայն ռեպրեսիվ մեթոդներով։ Իշխանությունը պետք է գտնի այդ մարդկանց հետ խոսելու, երկխոսելու ճանապարհներն ու ուղիները, ինչը ամենևին չի նշանակում փոխզիջում անօրինականության հետ։ Իշխանությունը պետք է խոսի քաղաքացիների հետ, քանի որ այդ անօրինական համակարգը, հանցավորությունը նաև ու առաջին հերթին մարդկանց ուղեղներում ու մտածողության մեջ է, որն արմատավորվել է տարիներ շարունակ։
Իջևանում պետք է հաղթեն օրենքը, պետությունն ու պետականությունը։ Բայց դա չպետք է լինի քաղաքացիների պարտության հաշվին։ Որովհետև իրականության մեջ օրենքի ու պետության հաղթանակը հենց նույն այդ քաղաքացիների հաղթանակն է։ Իշխանությունը պետք է եղանակներ գտնի՝ քաղաքացիներին անօրինականության շահառուներից օրինականության շահառուների վերածելու համար։ Այդ իմաստով Իջևանի խնդիրը շատ ավելին է, քան անտառի պահպանությունը։ Իջևանի խնդիրը մեծ հաշվով պետության ու պետականության պահպանությունն է, որովհետև Իջևանում հատվող ծառերը հենց պետության, պետականության ու քաղաքացիականության արտահայտություններ են»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ուղղաթիռով Իջևան չի մեկնել․ այն վերջին անգամ օգտագործել է Արմեն Սարգսյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արցախ այցի ժամանակ՝ հունիսին, Իջեւան գնալիս նա ուղղաթիռո...
Անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից
Հուլիսից սկսած՝ բոլոր անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից։ Այս մասին այսօր Շի...
«Ժողովուրդ». Հրամանատարը զինվորներին հարկադրել է քվեարկել ԲՀԿ–ականի օգտին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերից «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ ուսումն...
Սանավիացիան գիշերով չի թռչում․ լուրջ վնասվածքներով քաղաքացուն մերժել են տեղափոխել հիվանդանոց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրեր առաջ ՀՀ մարզերից մեկում քաղաքացին լուրջ վնասվածք է ստացել, իսկ երբ հարազատները...