Ազնավուրի հրապարակում ցածրորակության խրախճանք. Քաղաքապետարանի արձագանքը
«Ազնավուրի հրապարակում ու Կինո Մոսկվայի դիմաց ցածրորակության խրախճանք է։ Էս հրապարակում հնչել է ջազ, ռեգգի ու այլ բարձրաճաշակ երաժշտություն։ Երեւանի քաղաքապետարան, վերացած մշակույթի նախարարություն, որ ԿԳՄՍ-ի կազմում ես, ո՞ւր եք»։ Իր Ֆբ էջում գրել է Arshaluis Mghdesyan անունով օգտատերը եւ տեսանյութ հրապարակել: Քիչ առաջ այս ամենին արձագանքել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը. գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Նախօրեին Երեւանի Ազնավուրի հրապարակում կայացած համերգի վերաբերյալ հայտնում եմ հետեւյալը.
1. Համերգի կազմակերպիչը Երեւանի քաղաքապետարանը չէ, հետեւաբար, համերգի կազմակերպման համար քաղաքի բյուջեից փող չի ծախսվել, համերգային ծրագիրը քաղաքապետարանը չի կազմել։
2. Քաղաքապետարանի համաձայնությանը ներկայացված համերգային ծրագրում տեղի է ունեցել որոշակի շեղում։
3. Գոյություն չունի իրավական նորմերով կարգավորված հստակ ցուցիչ՝ այս կամ այն վայրում այս կամ այն արտիստի ելույթը թույլ տալու կամ մերժելու համար։ Այս խնդրի շուրջ լուծում գտնելու համար վերջին շրջանում Երեւանի փոխքաղաքապետ Tigran Virabyanի եւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ara Khzmalyanի նախաձեռնությամբ ընթանում են քննարկումներ։