ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Գյումրեցիները դհոլ-զուռնայով դիմավորեցին իրենց չեմպիոններին
Այսօր երեկոյան քաղաքի դարպասների մոտ, ավանդույթի համաձայն, բազմաթիվ գյումրեցիներ, մարզիկներ, մարզիչներ ու պաշտոնյանեը դհոլ-զուռնայով, դափնիներով ու ծափողջյուններով դիմավորեցին Մինսկ -2019 Եվրոպայի առաջնությունում չեմպիոնական տիտղոսներ նվաճած բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովին ու Արթուր Հովհաննիսյանին։
Չեմպիոնների քաղաք հերթական ոսկե մեդալներ բերելը բռնցքամարտիկները համարում են պատվի ու թասիբի հարց և ուրախ են,որ Գյումրիի ու Հայաստանի անունը կարողացել են բարձր պահել Եվրոպայի առաջնությանն ու ծածանել մեր եռագույնը։
«Գնացել էինք հաղթելու նպատակով և կարողացանք մեր նպատակն իրականություն դարձնել։ Ուրախ ենք, մեծ նվաճում է սա մեզ համար, քանի որ կարողացանք կրկնել 2017 թվականի հաջողությունը։ Այս հաղթանակը մեզ հնարավորություն տվեց, որ գնանք աշխարհի ոսկու հետևից»,- Գյումրիում նշել է Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը։
«Կարելի է ասել՝ սա երազանք էր, որն արդեն իրականացավ, բայց սրանով չենք բավարարվելու, նոր երազանքներ ու նոր նպատակներ ունենք, կցանկանայի, որ յուրաքանչյուր մարզիկ զգա այն, ինչ ես եմ հիմա զգում», – իր զգացողությունների մասին է խոսել Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը։
Բռնցքամարտիկները նշել են, որ մրցակիցներն ու առաջնության բոլոր մասնակիցներն էլ ուժեղ են եղել, բայց իրենք իրենց կամքի, գյումրեցու թասիբի ու աշխատասիրության շնորհիվ կարողացել են հաղթել հակառակորդներին ու Գյումրի բերել հերթական ոսկի մեդալները։
«Գյումրեցի մարզիկներից հա՛մ վախենում են, հա՛մ զգուշանում, որովհետև թասիբով գյումրեցիներ են, վերջին օրն առաջին մեդալը ես նվաճեցի, հետո Բաչկովն ու Արթուր Ալեքսանյանը, իսկ ես իմ հաղթանակ նվիրում եմ ծնողներիս»,-ոսկե մեդալը հպարտորեն ձեռքերի մեջ պարզելով՝ ասում է Արթուր Հովհաննիսյանը։
«Ցանկացած լավ սպորտսմենի հետ էլ հաշվի են նստում, անկախ նրանից՝ գյումրեցի՞ ես, թե՞ ուրիշ քաղաքից ու երկրից, կապ չունի»,- նշում է Հովհաննես Բաչկովը։
Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը նաև խոստովանել է, որ ամենաշատը կարոտել էր իր երկու տղաներին, ովքեր եկել էիր դիմավորելու հայրիկին ու կարոտած գրկախառնվել։