Արմավիրի բնակիչը ծեծել է կնոջը, ապա դանակով այլանդակել նրա դեմքը. Փաստինֆո
Արմավիրի մարզի 65-ամյա բնակիչը կենցաղային հարցի շուրջ իր 48-ամյա կնոջ հետ բանավիճելիս բռունցքով հարվածներ է հասցրել նրան, գցել գետնին, ապա խոհանոցային դանակով վնասվածքներ պատճառել նրա դեմքի շրջանում։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելը, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Ըստ դատական-տեղեկատվական համակարգի՝ նրանք ամուսնացած են եղել 1990 թվականից, եւ ամուսնության սկզբնական շրջանում հարաբերությունները նորմալ են եղել, սակայն ամուսնու՝ 2009թ. ՌԴ մեկնելուց հետո սկսել են լարվել: 2016 թվականին ՌԴ-ից վերադառնալով՝ ամուսինը շարունակել է բնակվել իր հայրական տանը: Նույն տանն է բնակվել նաև կինը, սակայն ամուսնու Հայաստան վերադառնալուց հետո բանավոր պայմանավորվել են, որ պետք է բնակվեն առանձին եւ վարեն առանձին տնտեսություն: Պաշտոնապես չեն ամուսնալուծվել, սակայն 2016թվականից սկսած վարել են առանձին տնտեսություն: Դրանից մոտ մեկ շաբաթ առաջ ամուսինը դիմել է Սուսան Պետրոսյաի հորը՝ նրան մեկ շաբաթ ժամանակ տալով, որպեսզի իր կինը հավաքի իրերը և հեռանա, սակայն վերջինս չի հեռացել։ Դեպքի օրը՝ 2018թ. հոկտեմբերի 8-ին, կինը, արթանանալով քնից, գնացել է խորդանոց, որպեսզի հագնի գոմի շորերը և գնա անասնագոմ` անասուններին խնամելու: Այդ ընթացքում ամուսինը մոտեցել է խորդանոցի դռանը, բացել այն և կնոջ շրջվելուց հետո բռունցքով մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ հարվածել է դեմքին, այնուհետև մազերից քաշել և գցել է գետնին, 4-5 անգամ բռունցքով հարվածել է դեմքին, որից հետո հատակից վերցրել է խոհանոցային դանակը և սկսել է դրանով քաշել դեմքի վրա` կնոջը դրանով պատճառելով ծանր մարմնական վնասվածք, որն արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ։
Նշենք, որ դեպքը դատարան է ստացվել այս տարվա ապրիլ ամսին, եւ մեղադրյալը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, ինչով պայմանավորված էլ միջնորդել է արագացված կարգով դատաքննություն սկսելու։
Արագացված դատաքննության ընթացքում դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ տղամարդը կատարել է ծանր հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որի համար էլ վերջինս պետք է պատասխանատվություն կրի: Հաշվի առնելով հանցագործության բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը՝ դատարանը գտել է, որ վերջինիս նկատմամբ պետք է նշանակել պատիժ ազատազրկման ձևով:
Այսպիսով, տղամարդը դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով, եւ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 03.11.2018թ. ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ ազատել է պատժի կրումից:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
4 հրազենային վնասվածք. Մասիվցի Անդիկի սպանության մանրամասները
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տ...
Պայթյուն` Գեղանիստի ավտովերանորոգման արհեստանոցներից մեկում. 2 մարդ հոսպիտալացվել է. Shamshyan.com
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 13։20-ի սահմաններում Գեղանիստ գյուղում դեռ...