Ոստիկանությունը պատասխանել է, թե ինչու չի թույլատրել Արմեն Գեւորգյանին լքել երկիրը. պաշտպանը դա ապօրինի է որակում. Armtimes.com
ՀՀ ոստիկանությունը հունիսի 21-ին պատասխանել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպանին: Հիշեցնենք, որ ոստիկանությունը արգելել էր Գեւորգյանին լքել երկիրը՝ չնայած դատարանի համապատասխան գրությանը:
Ըստ այդմ՝ ոստիկանությունը պատասխանել է, որ Գեւորգյանի ելքը երկրից թույլ տալու դատարանի որոշում չի եղել: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
- Հունիսի 17-ին դատարանից ստացանք թույլտվություն, որպեսզի Արմեն Գեւորգյանը կարողանա մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ աշխատանքային քննարկումների նպատակներով: Ոստիկանությունը արգելեց պարոն Գեւորգյանին մեկնել ՌԴ. մենք այսօր ենք ստացել գրությունը, համաձայն որի՝ իբրեւ չի եղել դատարանի որոշումը: Մենք ունեցել ենք համապատախան դատարանի գրությունը, որտեղ բովանդակային առումով այն իր մեջ ամբողջությամբ պարունակում է որոշում. եթե ոստիկանությունը այդ գրությունը հանգամանալից ուսումնասիրի, նույնպես դրանում կհամոզվի:
Ստացվում է ի՞նչ. ոստիկանությունը, ունենալով դատարանի փաստաթուղթը, որտեղ ուղղակի ձեւական «որոշում» գրված չի եղել, վերցրել եւ ասել են, որ վերջ, որոշում չկա, հետեւաբար մենք չենք կարող պարոն Գեւորգյանին թույլատրել, որպեսզի նա սահմանը հատի: Մեր գնահատմամբ՝ ոստիկանության գործողությունները ապօրինի են, որովհետեւ դատարանը միջնորդության բավարարման դեպքում որոշում չի կայացնում, որոշում կայացնում է միայն միջնորդության մերժման դեպքում:
Մենք գնտնում ենք, որ սա միանգամայն ապօրինի է, այստեղ փաստացի ոստիկանությունը ստեղծել է արհեստական խոչընդոտներ, ավելին՝ նախկինում նման դեպքեր չեն արձանագրվել, ոստիկանությունը երբեք նման խոչընդոտներ չի ստեղծել, առանց որեւէ խոչընդոտների ի կատար է ածել դատարանի այդ կարգադրությունները: Մեր կարծիքով՝ այս դեպքում ոստիկանությունը ուղղակի հատուկ մոտեցում է ցուցաբերում մարտիմեկյան գործով անցնող բոլոր մեղադրյալների նկատմամբ:
- Պարոն Ալեքսանյան, պաշտպանության կողմից միայն դուք չէիք մասնակցում Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ ձեր պաշտպանյալի ու մյուսների գործով բողոքի քննությանը: Ի՞նչպատճառով, արդյոք ծանուցվե՞լ էիք նիստի մասին:
- Մենք ընդամենը օգտվել ենք մեր հայեցողական իրավունքից, դա նշանակում է, որ մեր մասնակցությունը նշված դատավարությանը պարտադիր չի եղել, բացի այդ հետեւել եմ ամբողջ դատավարության ընթացքին եւ հստակ կարող եմ ասել, որ իմ գործընկերները կատարել են առավելագույնը, հետեւաբար իմ բացակայությունը չի էլ զգացվել: Ինչ վերաբերվում է ծանուցմանը, ապա հեռախոսակապով ծանուցվել ենք:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: