ՀԱՊԿ-ի վերաբերյալ Վանեցյանի ներկայացրած համաձայնագիրը ԱԺ-ն ընդունեց

Ազգային ժողովն այսօր ընդունեց Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը, որը ԱԺ-ին երեկ ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Համաձայնագրին կողմ քվեարկեցին ԱԺ բոլոր խմբակցությունները՝ 97 պատգամավոր։

 

Վանեցյանը երեկ համաձայնագիրը ներկայացնելիս հայտարարել էր, որ փաստաթղթի հիմնական նպատակներն են ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացումը, տեղեկատվական ոլորտում սպառնալիքներին հակազդման մեխանիզմների կատարելագործումը, ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական տիրույթում ապօրինի գործունեությունների հակազդեցությունը, փոխադարձ աջակցությունը, համագործակցությունը, փորձի փոխանակում, կադրերի պատրաստում։

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Վանեցյանն ասել էր, որ համակարգը գործելու է ՀԱՊԿ անդամ երկրների միջև տեղեկատվությունը փոխանցվելու է ըստ նպատակահարմարության։

 

«Կան համապատասխան պետական կառույցներ, որոնք որոշելու են՝ արդյոք նպատակահարմա՞ր է, որ տեղեկատվությունը փոխանցվի երկրորդ կամ երրորդ երկրին, թե՞ ոչ։ Նույն տրամաբանությամբ որոշվելու է նաև ՀԱՊԿ անդամ երկրների միջև։ Այս համաձայնագրում կան պայմաններ, չափորոշիչներ, որը պետությունը հաշվի է առնելու և բացառվում է, որ ունենանք որևէ տեղեկատվության արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը։ Սա փակ համակարգ է, որը վերաբերում է միայն ՀԱՊԿ-ին, մեր երկրի ներքին հարցերին վերաբերող որևէ տեղեկատվություն չի փոխանցվելու», - հայտարարել էր Վանեցյանը՝ ընդգծելով, որ այս համաձայնագիրը պարզապես դյուրացնելու է ՀԱՊԿ-ի ներսում աշխատանքը։

Քաղաքականություն