Մեքենայով հատուկ տրորել է շանը և շարունակել ճանապարհը. Econews.am
Մեքենան՝ շանը տեսնելով, հատուկ տրորելով անցել ու շարունակել է ճանապարհը, հաղորդում է Econews.am-ը:
«Չգիտենք, թե ինչպես նկարագրենք այս շան հետ տեղի ունեցածը, որ զսպենք մեզ վատ բառեր ասելուց: Այս խեղճ կենդանին քնած է եղել փողոցի եզրին, երբ անցնող մեքենան՝ շանը տեսնելով, հատուկ թեքվել է աջ, շանը տրորելով անցել ու շարունակել ճանապարհը: Դեպքը տեղի է ունեցել Էջմիածին քաղաքում: Բարեբախտաբար ականատեսները կարողացել են շանն անմիջապես կլինիկա հասցնել և ցուցաբերվել է առաջին օգնություն: Սոնոգրաֆիա, ռենտգեններ ու արյան անալիզ է արվել: Միզապարկը պատռված է, ու ամբողջ միզապարկը արյուն է լցվել, ունի կոտրվածք ու գտնվում է շատ ծանր վիճակում: Մենք փորձելու ենք ամեն ինչ, որ օգնենք նրան»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է «Դինգո թիմ» ՀԿ-ն:
Ընդգծենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:
92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:
Ըստ հոգեբան Իրինա Ծատուրյանի, կենդանիների նկատմամաբ դաժան վերաբերմունք դրսևորող անձը չի կարող համարվել հոգեպես առողջ: «Այդ մարդը հոգեպես առողջ չի կարող համարվել և կարող է հասարակության համար շատ վտանգավոր լինել: Կենդանու նկատմամբ վերաբերմունքից պարզ երևում է՝ մարդն իրենից ինչ է ներկայացնում: Մեկը մյուսի հետ կապված է: Եթե նա իրենից փոքրին, անպաշտպանին այդպիսի վնաս է պատճառում, ուրեմն այդ մարդը նորմալ չէ: Դա ակնհայտ է»,- ասաց նա:
Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք սահմանող օրենքի անհրաժեշտության մասին բարձրաձայնել ենք բազմիցս: Այս խնդրի մասին խոսում են թե՛ կենդանապաշտպանները, թե՛ համապատասխան մասնագետները, թե՛ ԶԼՄ-ները, սակայն որևէ քայլ այս ուղղությամբ չի արվում ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր մարմինների կողմից:
Նշենք, որ սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am-ը հրավիրում է ՀՀ ոստիկանության ուշադրությունը: