Նախարար Արսեն Թորոսյանը ներողություն չի խնդրի Արա Մինասյանից
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը հունիսի 7-ին պարտավորեցրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին Ֆեյսբուք սոցիալական ցանցի ուղիղ եթերի միջոցով հրապարակային ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի խնամի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» տնօրեն Արա Մինասյանից։ Այդ մասին գրել են կայքերը՝ հղում անելով Datalex դատական տեղեկատվական համակարգին:
Armdaily.am-ը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք նախարարը կատարելու է դատարանի պահանջը, թե բողոքարկելու է այն, նա պատասխանեց, որ այս պահին ոչինչ չի կարող ասել, ամենայն հավանականությամբ երկուշաբթի կհրավիրվի մամուլի ասուլիս և բոլոր հարցերի պատասխաններն այդ ժամանակ կտրվի:
Թորոսյանի փաստաբան Գևորգ Գյոզալյանն ասաց, որ վճիռը միանշանակ բողոքարկելու են.‹‹Այդ վճիռն ավելին քան անհիմն ենք համարում: Պարոն Թորոսյանը որևէ ներողություն չի խնդրելու: Վճիռը բողոքարկելու ենք, ինչպես նաև չի բացառվում,որ հարց բարձրացնենք այդ դատավորի կոմպետենտության հետ կապված: Ծանոթացել եմ վճռին և տարակուսած եմ անկեղծ ասած, քանի որ նման վճիռը գնահատում եմ իրավաբանորեն բավականին թույլ››: